«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը սոցցանցերի իր էջում տարածած տեսանյութում ներկայացրել է կառավարման 7 տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրականացրած աշխատանքները։

«Առաջինը, կուզենայի նշել Հայաստանում դպրոցների շինարարությունը։ Իշխանության գալուց հետո այս կառավարությունը շարունակեց մի գործ, որը սկսվել էր նախորդ կառավարության ժամանակ․ դա դպրոցների և մանկապարտեզների վերակառուցումն էր։ Սա շատ լավ ծրագիր է, եթե մի քանի խնդիրներ հաշվի չառնենք։ Հիմնական խնդիրները, որոնք կան, նախագծերն են, որոնք չափից դուրս բարդ են փոքր շրջանների համար։ Այսինքն մոդուլային դպրոցների համար չափից դուրս թանկ են արժեքները։ Երկրորդ խնդիրը կառավարումն է։ Մեր բազում հայրենակիցներ շնորհակալություն են հայտնում իշխանություններին՝ դպրոցներ և ճանապարհներ կառուցելու համար, ուզում եմ պատմել, թե ինչ դեր են նրանք ունեցել այդ գործում»,-տեսանյութում նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով, մինչև 2024 թվականը ամեն ինչ լավ էր ընթանում՝ պետությունը վարկեր էր ներգրավում և դպրոցներ կառուցում։

«Հետո հայտնվեց մեր երկրի ղեկավարը, և 2024 թվականին սկզբին որոշեց այցելել դպրոցներ։ Տեղի ունեցավ «կախիչ» օպերացիան։ Ստուգեց դպրոցի կախիչները, խիստ նկատողություն տվեց աշխատակիցներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին հեռացրեց աշխատանքից։ Այդ շոուից հետո մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով։ Նախագծերի մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել՝ ասել է, եթե թերություններ լինեն աշխատանքներում, միջամտելու են ուժայինները։ Գործարարաներն արձագանքելու մի ձև ունեն, նրանք վերանայում են գները։ Ինչքան պետությունը խստացնում է ճնշումը գործարարների վրա, այդքան գործարարը բարձրացնում է գները՝ իր ռիսկի հաշվարկով»,-ասաց Նարեկ Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանի խոսքով, այդ օրվանից առ այսօր 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել, և ստեղծված իրավիճակի պատճառով պետությունն այդ դպրոցների կառուցման ընթացքում 120 մլն դոլարի կորուստ է ունեցել։

Անդրադառնալով ճանապարհաշինությանը, Նարեկ Կարապետյանը նշեց, որ Հայաստանում տարեկան մոտ 500 կմ ճանապարհ է կառուցվում։

«Վրաստանի կառավարությունը տարեկան 1000 կմ ճանապարհ է կառուցում առանց որոշակի նշաձող սահմանելու, իսկ մեր կառավարությունը տարին 500 կմ ճանապարհ է կառուցում, և այդ մասին բոլոր անկյուններում հայտարարում է։ Ճանապարհ կառուցելը հերոսություն չէ, դա նորմալ է, ցանկացած կառավարության աշխատանքն է դա»,-ասաց Կարապետյանը։

Նարեկ Կարապետյանը նշեց նաև, որբ 1991-2017 թվականներին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ դոլար, 2017-2024 թվականների ընթացքում իշխանությունը վերցրել է ևս 6 մլրդ դոլարի պարտք։

«Ամեն հայի հաշվարկով մոտ 2000 դոլար պարտք է վերցրել այս իշխանությունը»,-ասաց նա։