Նախորդ տարվանից մենք նոր մոտեցում էինք որդեգրել՝ յուրաքանչյուր ուսումնական տարի անցկանցել որոշակի խորագրի ներքո. նախորդ ուսումնական տարին հայտարարել էինք մշակութային կրթության տարի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ամբողջ տարի իրականացրել ենք տարբեր քննարկումներ, աշխատաժողովներ, փառատոններ, նախագծային աշխատանքներ, ներկայացումներ և այլ միջոցառումներ, որոնք ուղղված էին առաջին հերթին խրախուսելու երեխաների մշակութային կրթությունը: Արդյունքներն ամփոփելով տեսնում ենք, որ լուրջ ձեռքբերումներ ենք գրանցել:
Գիտեք՝ պետությունն իրականացնում է բաժանորդային ծրագիր, որը հնարավորություն է տալիս մեր դպրոցականներին այցելել թանգարաններ, թատրոններ և համերգասրահներ: Արդեն իսկ 2025-ի առաջին կիսամյակի ցուցանիշներով ավելի քան 210 հազար դպրոցականներ այցելել են թատորներ, համերգասրահներ, թանգարաններ»,- նշեց Անդրեասյանը։
Համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ Անդրեասյանը նշեց, որ 2024-ի նույն ցուցանիշը 170 հազար է եղել:
«Մենք էական աճ ենք գրանցել: Եթե անցած տարի ամբողջ տարին եղել է 300 հազար այցելություն, այս տարվա համար կարող եմ ասել, որ էապես ավելացել է մշակութային հաստատություններ հաճախող դպրոցականների թիվը: Սա մենք դիտում ենք ոչ թե որպես ժամանց, այլ մշակութային կրթության մի մաս»,- հայտարարեց նա:
Նրա խոսքով՝ այս տարվա խորագիրը նախատեսում է ավելի մեծ ուշադրություն դարձնել մեր դպրոցներում և մյուս ուսումնական հաստատություններում անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը. «Այս ուսումնական տարին մենք անվանել ենք անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի: Սա նշանակում է, որ շատ մեծ ուշադրություն ենք դարձնելու այն բոլոր աշխատանքներին, որոնք խրախուսում են առաջին հերթին մեր սովորողների առողջ ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը, բռնության կանխարգելումը և ընդհանրապես ցանկացած բռնությունից զերծ միջավայրի ապահովումը մեր ուսումնական հաստատություններում: Տարվա ընթացքում բազմաթիվ անելիքներ ենք պլանավորել այս ուղղությամբ»,- ասաց Անդրեասյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերին դպրոցները կստանան անվտանգության ուղեցույց, որտեղ նկարագրված կլինեն աշխատանքներն այս բոլոր կարևոր ուղղություններով: «Տարվա ընթացքում կկազմակերպենք մեր սովորողների հանդիպումները անվանի մարզիկների հետ, որոնք իրենց օրինակով ցույց կտան՝ ինչ կարևոր է ֆիզիկական առողջ ակտիվությունը»,- ընդգծեց նախարարը։











