«Մալաթիա» տոնավաճառի առևտրականները բողոքում են, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ առևտուրը խիստ պասիվ է։ Նման ակտիվության բացակայություն առևտրականները վերջին տասնամյակների ընթացքում չեն տեսել։ Տաղավարները լի են դպրոցական իրերով, սակայն մոտեցողներ չկան։ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում առևտրականները նշել են, որ նախորդ տարիների համեմատ, երբ օրական վաճառքը հատում էր 150-ից 200 հազար դրամը,  այս տարի շահույթը տատանվում է 10-ից 20 հազար դրամի միջակայքում։

«Տարիներ առաջ օգոստոս ամսին այնքան վաճառք էր լինում, որ հնարավոր էր և՛ տարածքի վարձակալության համար վճարել, և՛ սեզոնային ապրանքներ գնել։ Հիմա ամեն 6 ամիսը մեկ 2-ից 3 միլիոն դրամ վարկ ենք վերցնում, որպեսզի գործը չտուժի»,–պատմեց առևտրականներից մեկը։

Վաճառականները պնդում են, որ առևտուրը մեծամասամբ տուժել է օնլայն հարթակների միջոցով գնումներ կատարելու լայն տարածման պատճառով։

«Իմ հաճախորդը պատմեց, որ օնլայն, 5000 դրամով պայուսակ է գնել մեջը լի գրենական պիտույքներով, էլ խի՞ պիտի ինձանից առնեն։ Մենք այս օրերին պարապ չէինք լինում, բայց այսօր առավոտվանից անգործ կանգնած եմ։ Օրինակ՝ երեկ, առավոտը ապրանքները ոնց շարել եմ, իրիկունը եկել, հավաքել եմ»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Արման Հովսեփյանը, որը գրենական պիտույքների վաճառքով է զբաղվում շուրջ 20 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։