Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Ջիլի դպրոցը կառուցվել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ–ի կողմից 849 միլիոն 343 հազար 166 դրամով։ Ներկայում նույն չափի մոդուլային դպրոցների կառուցման արժեքը 1 միլիարդ 300 միլիոնից 1 միլիարդ 400 միլիոն դրամ է։ Տարբերությունը մոտ 450 միլիոն դրամ առաջացել է 2024 թվականի վարչապետի դպրոց այցի և հանրահայտ կախիչ օպերացիայի արդյունքում, այսինքն մեկ մոդուլային դպրոցի համար հարկատուն այժմ վճարում է մեկ միլիոն դոլարով ավելի գումար։ Այս մասին հայտնել է «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Լիանա Մանուկյանը՝ անդրադառնալով civic.am-ի ռեպորտաժին։

Անդրադառնալով այդ ռեպորտաժում արված պնդմանը, թե դպրոցում թերություններ են հայտնաբերվել, Մանուկյանն ասաց. «Նախ դպրոցը գտնվում է երաշխիքային սպասարկման մեջ, իսկ այդ ժամկետը նախատեսված է հենց նմանատիպ թերությունները շտկելու համար։ Թերությունները հիմնականում ոչ էական են, որոնք բնորոշ են նմանատիպ նորակառույց շինություններին։ Ինչպես տեսել եք civic.am-ի ռեպորտաժում, թերությունները կրում են կոսմետիկ բնույթ և դրանց մեծ մասն արդեն իսկ վերացվել է, մնացյալը կվերացվի առաջիկա շաբաթների ընթացքում և բոլոր այդ թերությունների վերացման համար կպահանջվի ընդամենը 3 միլիոն դրամ։

Դպրոցը կառուցվել է պետության կողմից մեզ տրամադրված նախագծի հիման վրա՝ նախագծում նշված նյութերով։ Կառույցն ամբողջությամբ համապատասխանում է նախագծին, որը մեզ շինարարության սկզբին պետության կողմից ընտրված նախագծողը տրամադրել էր թերի, կիսատ, և շինարարության ողջ ընթացքում մեր ուղարկած ազդակներից հետո նախագիծը շտկվել է, ձգձգելով շինարարական ողջ պրոցեսը և լրացուցիչ ծախսեր պատճառելով մեր ընկերությանը։

Civic.am-ի «կախիչ 2» օպերացիան գալիս է ապացուցելու Նարեկ Կարապետյանի այն թեզը, որ վարչապետի դպրոց այցելությանը գործարարները շատ կտրուկ են արձագանքել՝ թանկացնելով դպրոցների շինարարությունը մոտ մեկ միլիոն դոլարով»։

Ռեպորտաժում նաեւ նշվում է, որ կան թերություններ, որոնք կարելի է մեկ-երկու օրում շտկել, կան թերություններ, որոնք բավականին լուրջ թերություններ են և այդ խնդիրներին պետք է լուծում տրվի։

Այս առնչությամբ, Լիանա Մանուկյանը նշում է. «Այսպիսով, հարց։ Ի՞նչ տարբերություն կա մեր կողմից 850 միլիոն դրամով կառուցված դպրոցի և այժմ Հայաստանի տասնյակ համայնքներում 1,3–1,4 միլիարդ դրամով կառուցվող նմանատիպ դպրոցների միջև։ Պատասխանեմ՝ ոչ մի։ Ոչինչ չի փոխվել։

Փոխվել է մեկ բան։ Երկրի ղեկավարը եկել է դպրոց և ասել, որ եթե ինչ-որ աշխատանք կատարվի ոչ պատշաճ որակի, խառնվելու են ուժայինները։ Որքան ավելանում է ճնշումը գործարարների վրա, այդքանով էլ բարձրանում են գները։ Դպրոցի շինարարության մեկ քառակուսի մետրի արժեքը 900 դոլարից դարձել է 1500 դոլար։

Շնորհակալություն ենք հայտնում Civic.am կայքին։ Դպրոց այցելելու և դպրոցների շինարարության թանկացման հարցը օրակարգում պահելու համար։ Խնդրում ենք հետ այս ու այդ հարցը շարունակել պահել օրակարգում և հաջորդ ռեպորտաժում անդրադառնալ երեկ ներկայացված դպրոցի, համեմատելով այն այժմ մեկ միլիոն դոլարով ավելի թանկ կառուցվող նմանատիպ դպրոցների հետ»։