Փաշինյանին իշխանությունից հեռացնելու այլ ճանապարհ, ընտրություններից բացի, ես չեմ տեսնում։ Սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը։

«Ցանկացած պայքար կարող է մղվել, բայց հաշվի առնելով հայ ժողովրդի մտածելակերպը՝ անհնար է նրան որևէ կամք պարտադրել»,- հավելել է նա։ Հակոբյանի  կարծիքով՝ Փաշինյանը հայ հասարակության արտացոլումն է։

«Մարդն ընտրվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Դա արտացոլում է ժողովրդի իրական մտածողությունը։ Եվ պետության ղեկավարը անում է այն, ինչ ժողովրդին դուր է գալիս»,- նշել է նա։

Հակոբյանը չի համաձայնել Փաշինյանի այն կարծիքի հետ, ըստ որի բանակին ժամկետանց զենք է մատակարարվել։ «Մեր բանակը հնարավորություն ուներ հակահարված տալու 44-օրյա պատերազմի ժամանակ։ Խնդիրը միայն Գերագույն գլխավոր հրամանատարի մեջ չէր։ Պարտության հիմնական պատճառը կառավարման համակարգի թերություններն էին»,- նշել է նա։

Ըստ նրա՝ միայն մեկ փաստաթուղթը չի կարող ապահովել խաղաղություն. դա կարելի է անել՝ ամրապնդելով հասարակության դիմադրողականության կարողությունը։ «Նպատակասլաց աշխատանքով ցանկացած խնդիր կարելի է լուծել»,- հավելեց Հակոբյանը։

Նա նշել է, որ ինքը չի շփվում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի (Մովսես Հակոբյանի զարմիկի՝ -խմբ.) հետ։ «Եթե նրան հանդիպեմ, ինչ պետք է կասեմ։ Ես նրանցից չեմ, ովքեր մանկության տարիներին պատժել են իրենց զարմիկներին»,- կես-կատակ նշել է նա։