Ժողովրդի ճնշող մեծամասնությունը մերժում է ներկայիս իշխանություններին, մարդիկ դրա մասին հստակ հայտարարում են։ Այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ բնակչության մի մասը կարծում է, որ իշխանափոխությունը պետք է արագ տեղի ունենա, մյուսը կարծում է, որ պետք է համբերատար լինել, ևս մի մասը հույսեր է կապում ընտրությունների հետ։
Նա վստահ է, որ ներկայիս իշխանությունները հայտնվելու են ոչ միայն քաղաքական աղբանոցում, այլև քրեակատարողական հիմնարկներում։ «Մենք հասել ենք նրան, որ մարդիկ իրենցով փոխարինում են պետությանը՝ հայտարարելով, որ «Կառավարությունը ես եմ»։ Դրանով նրանք ուզում են ասել, որ եթե իրենք հեռանան, ապա աղետ կլինի, թեև հենց իրենք են գործը տանում դեպի աղետ, ուստի պետք է հեռանան»,- նշել է Մինասյանը։
Նա մատնանշել է բնակչության հետ բացատրական աշխատանքներ տանելու և այլընտրանքային առաջարկներ ներկայացնելու կարևորությունը։ Միաժամանակ, քաղաքական գործիչը շեշտել է ժողովրդին ընդդիմության շուրջ համախմբելու կարևորությունը։ «Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այդ համախմբումը տեղի ունենա մեկ բևեռի շուրջ։ Բևեռները կարող են տարբեր լինել, քանի որ բոլորի նախասիրությունները տարբեր են։ Այնուամենայնիվ, կարևոր է, որ բոլոր բևեռները գործեն մեկ միասնական նպատակի շուրջ՝ իշխանության հեռացման և նոր, ազգային իշխանության ձևավորման»,- պարզաբանել է պատգամավորը։
Նա վստահեցրեց, որ իշխանությունների նկատմամբ դիմադրությունը շարունակվում է ամեն օր արդեն չորս տարի և այս ընթացքում մարդկանց ընկալումներում հսկայական փոփոխություններ են գրանցվել։
Մինասյանը բացատրել է, որ ընդդիմությունն ու ազգային ուժերն ամենից շատ խաղաղություն են ուզում, բայց այն պետք է հիմնված լինի ժողովրդի նկատմամբ հարգանքի, նրա կյանքի իրավունքի հարգանքի վրա՝ միջազգային մեխանիզմների ներգրավմամբ։
Պատգամավորը հայտնել է, որ խմբակցության մակարդակով շարունակվում են գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու վերաբերյալ քննարկումները։ «Նման առաջարկներ նույնպես ստացվում են», - եզրափակել է Արծվիկ Մինասյանը։











