Ադրբեջանը Հայաստանը զավթելու ծրագրի շրջանակներում անցել է այլ մեխանիզմների։ Այս մասին սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթում բոլոր հարցերի վերաբերյալ հստակություն չկա, ամեն ինչ թողնվել է թշնամու հայեցողությանը։ Նա պարզաբանել է, որ միջազգային նորմերով կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է ստորագրվել, այլ նաև այն, թե ինչով են փոխանակվել կողմերը, ինչ են ներառել բանակցությունները։ «Մենք մինչև հիմա չենք տեսել երկու կողմերի կողմից հաստատված բանակցությունների վերծանված տեքստը։ Ինչի՞ մասին էին բանակցությունները։ Կան ընդամենը մի քանի հրապարակված փաստաթղթեր, որոնք Փաշինյանը ներկայացնում է յուրովի։ Բայց եթե դա հանգեցնում է հայկական կողմի զիջումների, ուրեմն նա և նրա տրամաբանությունն անպիտան են»,- ընդգծել է նա։

Մինասյանը նկատել է, որ միջազգային զսպող համակարգեր չկան։ «Այս դեպքում ո՞վ և ինչպե՞ս կարող է երաշխավորել խաղաղությունը»,- հռետորական հարց է տվել նա։

Ընդդիմադիրը վստահություն է հայտնել, որ Հայաստանի իշխանությունների խաղաղության մասին թեզը կեղծ է, քանի որ հակառակ կողմը նման նպատակներ չի հետապնդում։ Նրա կարծիքով, ամուր և երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի արդարության սկզբունքի վրա, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։ «Ինչպե՞ս կարող է խաղաղություն տիրել, երբ Լեռնային Ղարաբաղում հայերն էթնիկ զտումների են ենթարկվել, իսկ հակառակորդն ամեն օր խոսում է ուժի կիրառման սպառնալիքի մասին»,- մեկ այլ հռետորական հարց է տվել պատգամավորը։

Նա մատնանշել է տարբեր միջազգային կառույցներ, որոնց շրջանակում կարող է մշակվել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու օրակարգը, օրինակ՝ ՄԱԿ-ը, Եվրոպայի Խորհուրդը և այլ կազմակերպություններ։ «Նույն ՆԱՏՕ-ն մինչև 2018-ը իր տարեկան զեկույցում հստակ գրում էր, որ Ղարաբաղի հարցում ուժի չկիրառման սկզբունքը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է գործեն միասին։ Ադրբեջանն ուժ է կիրառել նրանց լուռ համաձայնությամբ և այդ հարցերի պատասխանները պետք է ստացվեն։ Դրա համար այդ հարցը պետք է միջազգային հարթակում օրակարգ դառնա, իսկ դրա համար Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա։ Որքան ուշ դա տեղի ունենա, այնքան ավելի դժվար կլինի այդ ամենն իրականացնել»,- հավելել է Արծվիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ ժողովուրդը երեկվա հանրահավաքում ցույց է տվել, որ հավատարիմ է Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իր իրավունքը պաշտպանելու գործին։ «Իշխանությունները հակահայկական քաղաքականություն են վարում և զիջումների են գնում թշնամուն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցով։ Սակայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքը չի կարող անտեսվել»,- հայտարարել է խմբակցության քարտուղարը։

Նա վստահեցրել է, որ իշխանափոխությունից հետո սա կդառնա կարևորագույն հարց, որը առաջ կմղվի միջազգային իրավունքի հիման վրա և կներառվի Հայաստանին բարեկամ երկրների օրակարգում և կարևորագույն նախապայման կլինի ցանկացած այլ երկրի հետ հարաբերություններում։

«Մենք այս հարցի շուրջ աջակցության ազդանշաններ ենք ստացել միջազգային քաղաքական ուժերից և գործիչներից։ Շատ երկրներում կան գործիչներ, որոնք հարգում են մարդու իրավունքները և պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ՝ այս հարցը միջազգային օրակարգ և իրական գործողությունների մակարդակ բարձրացնելու համար։ Խոսքը պատերազմի մասին չէ, որով Նիկոլ Փաշինյանը վախեցնում է։ Կա հնարավորություն այդ նպատակներին հասնել միջազգային գործիքակազմի միջոցով»,- վստահեցրել է Արծվիկ Մինասյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ երեկվա հանրահավաքում հնչած թեզերը աջակցություն են ստանում նաև այն քաղաքացիները, որոնք այնտեղ չեն եղել։ «Այսպիսով, նրանք նույնպես մերժում են ներկայիս իշխանությունների գործողությունները։ Ցանկալի է, բայց պարտադիր չէ, որ հրապարակում լինեն հարյուր հազարավոր մարդիկ։ Ընդ որում, կարևոր է, որ երեկ կայացել է նաև միջազգային գիտաժողով, որում օտարերկրյա փորձագետները հաստատել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ վերադառնալու իրավունքի անխոցելիությունը»,- եզրափակել է պատգամավորը։