Սեպտեմբերի 8-ից 10-ը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի է ունենում Գլոբալ էներգետիկ միավորման 2025 թվականի կոնֆերանսը (Global Energy Interconnection Conference 2025), որը էներգետիկայի ոլորտի առանցքային միջազգային իրադարձություն է։ Միջոցառումը կազմակերպել է Գլոբալ էներգետիկ միավորման զարգացման և համագործակցության կազմակերպությունը (GEIDCO):
Համաժողովի գլխավոր թեման է՝ «Գլոբալ էներգետիկ փոխկապակցվածություն. աշխարհի էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարել մաքուր և կանաչ լուծումներով»։
Կարևոր է հասկանալ, որ այս միջոցառման հիմնական նպատակն է ստեղծել կայուն, փոխկապակցված էներգետիկ ենթակառուցվածք, որը կարող է ապահովել աշխարհի էլեկտրաէներգիայի պահանջարկը՝ շրջակա միջավայրի վրա նվազագույն ազդեցությամբ։
Համաժողովի աշխատանքներին մասնակցում են շուրջ 3000 պատվիրակներ՝ միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների ներկայացուցիչներ, էներգետիկ և ներդրումային ընկերությունների ղեկավարներ, գիտնականներ և փորձագետներ։
Ծրագիրը ներառում է լիագումար նիստ, զուգահեռ ֆորումներ և թեմատիկ ցուցահանդես։ Քննարկվող թեմաներից են՝ էլեկտրաէներգետիկայի զարգացման գլոբալ միտումները, Գլոբալ Հարավի երկրներում էներգահամակարգերի արդիականացումը, թվային տեխնոլոգիաների ինտեգրումը էներգետիկա, կանաչ նախագծերի ֆինանսավորման նորամուծությունները, կլիմայական օրակարգը և էներգետիկ անվտանգությունը, «զրոյական ածխածնային հետքով գոտիների» ստեղծումը։
Հատուկ ուշադրություն է դարձվում միջազգային համագործակցության մեխանիզմներին և գլոբալ էներգետիկայի ոլորտում ստանդարտների մշակմանը։
Խորեն Գրիգորյան Պեկինից











