Ռազմական բյուջեի ծավալը նույն մակարդակում թողնելը չի նշանակում չունենալ ռազմական բյուջե, դա նշանակում է այն թողնել նույնը, ինչպես նախորդ տարի էր և սպառազինվել այդ բյուջեի շրջանակում։ Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Արման Եղոյանը պարզաբանել է, որ Հայաստանի պաշտպանական բյուջեն ամեն տարի ավելանում է, ինչը նշանակում է, որ անփոփոխ կարող է մնալ բյուջեի այն ծավալը, որն արդեն ավելացվել է նախորդ տարիների ցուցանիշների համեմատ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետություն կարող է զենք գնել իր կարիքների համար։ «Մենք էլ ենք սպառազինվում, Հայաստանը նույնպես զենք է ձեռք բերում։ Որևէ մեկն ասե՞լ է, որ ինչ-որ պետություն չպետք է զենք գնի», - հավելել է պատգամավորը։
Եղոյանը նշել է, որ եթե լսեն Ադրբեջանի նախագահ Ալիևի ելույթը, ապա վերջինս նույնպես խոսում է խաղաղության մասին։ «Աշխարհի բոլոր բանակները պետք է պատրաստ լինեն մարտական խնդիրներ կատարելուն։ Իսկ ի՞նչ պետք է նա ասի։ Որ չպետք է պատրաստ լինեն մարտական խնդիրներ կատարելուն։ Ո՞վ է ասել, որ մենք նոր պայմանագրեր չենք ունենա», - հարցեր է բարձրացրել Եղոյանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի պաշտպանական բյուջեն ավելի մեծ է, քանի որ Ադրբեջանը որպես երկիր ավելի հարուստ է, քան Հայաստանը։











