Նա (Նիկոլ Փաշինյանը –խմբ.) մտադիր է դիվային ծրագիր իրականացնել, ուստի չի շեղվում եկեղեցու նկատմամբ նախկին հռետորաբանությունից՝ հանրության ուշադրությունը շեղելու և Հայաստանին առնչվող այդ ծրագրի իրականացմանը հասնելու համար, NEWS.am թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ, եպիսկոպոս Հովնան Հակոբյանը:
«Ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսքը։ Այն ինքնիշխանության, որ Թուրքիան և Ադրբեջա՞նը պետք է թույլ տան կամ թույլ չտան ձեռնարկության կառուցումը Երասխում։ Ադրբեջանը թույլ չտվեց, որ այդ գործարանը կառուցվի Հայաստանի ինքնիշխան տարածքում։
Բացի դրանից, Բաքուն նրանց հանձնարարել է կատարել իրենց տնային աշխատանքը։ Հենց դա է դիվային ծրագիրը։ Եկեղեցին, որը համախմբում է ազգը, խանգարում է այդ ծրագրի իրականցմանը։ Ադրբեջանի խորհրդարանը բացահայտ հայտարարեց, որ իրենց խանգարում են Հայաստանի Սահմանադրությունը և Հայ Առաքելական եկեղեցին։
Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո իշխանությունները սկսեցին թմբկահարել խաղաղության մասին։ Միևնույն ժամանակ Ալիևը հայտարարեց, որ խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի, եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի հանրաքվեի միջոցով։ Իսկ եթե հանրաքվեի արդյունքները ցույց տան, որ ժողովուրդը չի ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի՞։ Այդ դեպքում կտացվի, որ նա (Փաշինյանը - խմբ.) կրկին ստել է, և ոչ մի խաղաղություն էլ չկա։
Ադրբեջանը հասել է 907-րդ ուղղման չեղարկմանը։ Եթե խաղաղություն է ձեռք բերվում, ուրեմն ո՞րն է ռազմական համաձայնագրերի նպատակը։ Դա վերաբերում է ոչ միայն Իրանին, այլև Հայաստանին։
Երբ իշխանություններն ասում են, թե Բաքուն մեր դեմ չի զինվում, այդ նույն այս իշխանությունները 44-օրյա պատերազմից առաջ ասում էին, թե Թուրքիան մեզ վրա չի հարձակվի։ Ինչո՞ւ այդ անձը դեռ պատասխանատվության չի ենթարկվել։ Այդ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն երկրի համար ճակատագրական ստի համար։
Խաղաղությունը շատ հեռու է մեզանից։ Քանի դեռ այս իշխանությունները երկրի ղեկին են, խաղաղություն չի լինի»,- նշել է եպիսկոպոս Հովնան Հակոբյանը։











