Իմ թեկնածությունը ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել էր գործընկերներիցս մեկը՝ Հասմիկ Հակոբյանը, որին ես համաձայնել էի, որովհետև բնականաբար կարծում էի, որ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ–ն այլ որոշում է ընդունել, որովհետև եթե կան թեկնածուներ մեկից ավելի, բնականաբար մեկը պիտի ընտրվի, մյուսը չէ, և որևէ այլ խմորում չի եղել, և հատկապես որևէ սպառնալիք ես չեմ հնչեցրել և չէի էլ կարող հնչեցնել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի ինքը ցանկացել է դառնալ առողջապահության հանձնաժողովի նախագահ, սակայն թիմակիցները չեն ընտրել և ինքը սպառնացել է, թե դուք դեռ կտեսնեք։

Հարցին՝ վիրավորվածություն ունե՞ք թիմից, նա բացասական պատասխան տվեց. «Իհարկե, ոչ, որովհետև եթե դու մասնակցում ես որևէ պրոցեսի, որտեղ ընտրության հնարավորություն կա, կա նաև չընտրվելու հնարավորություն։ Նեղվածությունը, նեղանալը, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ հանձնաժողովի նախագահ է դարձել մեկը, ով բարձրագույն կրթություն չունի և ընդամենը եղել է ավագ բուժքույր, Բաթոյանն ասաց. «ՀՀ օրենսդրությամբ Ազգային ժողովի պատգամավորը կարող է լինել ցանկացած անձ, որը չունի բարձրագույն կրթություն։ Ձեզ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Հունանյանը Ազգային ժողովի պատգամավոր է, հետևաբար Ազգային ժողովի պատգամավորները կարող են դառնալ հանձնաժողովի նախագահներ, հետևաբար այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում։

Ես իմ որոշ գործընկերների հետ համաձայն չեմ, որ դա խիստ մասնագիտական աշխատանք է, թեև տիկին Հունանյանը ոլորտում աշխատել է, բայց ես չեմ կարծում, որ հանձնաժողովի նախագահը և ընդհանրապես փոխնախագահը, դրանք ինչ-որ խիստ մասնագիտական աշխատանքներ են։

Իհարկե շատ լավ կլինի, որ մարդը ունենա որոշակի փորձ, նախ կառավարման։ Այդ իմաստով ես կարծում եմ, որ ես լավ թեկնածու էի, այդ իմաստով համաձայնել էի»։

Բաթոյանը նաև նշեց, որ 44 ընտրողի պարագայում իրենց ձայների տարբերությունը 8 է եղել, նախապատվությունը տրվել է Հռիփսիմե Հունանյանին»։