ՔՊ-ական պատգամավոր Զարուհի Բաթոյանը վատ է վերաբերվում իր թիմակից Արթուր Հովհաննիսյանի պահվածքին, ով վիրավորել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանին։
«Իմ գործընկերոջը ինչ կոչ, որ պիտի անեմ, ես իրեն առանձին արել եմ։ Երկուսի ասածին էլ վատ եմ վերաբերվում։ Ես ցավում եմ, որ տիկին Թովմասյանի սադրանքներին պարոն Հովհաննիսյանը տրվել է։
Բայց եթե մենք խոսում ենք կանանց իրավունքների, ընդհանրապես, կանանց հանդեպ, խտրականության, սեռով պայմանավորված կարծրատիպերի վերարտադրության մասին, այս մասով, բնականաբար, ես անընդունելի եմ համարում հենց այդպիսի արտահայտությունները։
Բայց ես նաև ուզում եմ խոսել նաև տիկին Թովմասյանի արտահայտության մասին, ինչու՞, որովհետև, երբ մենք թիրախավորում ենք թմրանյութեր օգտագործած անձին... ո՞վ է թմրանյութ օգտագործող անձը՝ առողջական խնդիր ունեցող անձն է, մարդ, ով ունի կախվածություն, հետևաբար, ինձ համար անընդունելի է, որ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամը կարող է թիրախավորել որևէ անձի ու վերարտադրել կարծրատիպեր։
Ընդհանրապես մեր հանրային խոսքում շատ հաճախ, ցավոք, բազմաթիվ պատգամավորներ թիրախավորում են ոչ միայն թմրանյութեր օգտագործող անձանց, շատ հաճախ խոսում են հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասին, կանանց մասին և այլն։ Հետևաբար սա ինձ համար անընդունելի է դա, անկախ նրանից, թե ով է դա իրականացնում»,–ասաց նա։
Հարցին՝ կո՞ղմ է այս հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, որով հանդես է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունը, Բաթոյանն ասաց. «Էթիկայի հանձնաժողովին ընդհանրապես կողմ եմ, բայց ես կարծում եմ, որ մենք այդ հանձնաժողովը կստեղծենք արդեն առաջիկայում և դա չի անդրադառնա բնականաբար եղած դեպքերին։
Ցավոք, մինչև այս պահը նախաձեռնված հանձնաժողովները ավելի շատ քաղաքական քաղաքական շահարկման բնույթ են կրում։ Իհարկե, կան դեպքեր, որոնք իսկապես պետք է քննվեն այդ հանձնաժողովում, բայց այս պահին ես վստահ եմ, որ ընդդիմությունը դա պարզապես որպես հարց շահարկելու է։
Մենք այնպիսի նախագիծ ենք մշակել, որ այդ հանձնաժողովը ոչ թե ժամանակավոր սկզբունքով աշխատի, այլ լինի մշտական»,–ասաց Բաթոյանը։
Հարցին՝ առաջարկե՞լ է Արթուր Հովհաննիյանին մանդատը վայր դնել, բաթոյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն Ազգային ժողովի նախագահին ուղղված նամակում իշխանական Արթուր Հովհաննիսյանից պահանջել էր թմրանյութի թեստ հանձնել, քանի որ նրա պահվածքը կասկածներ է հարուցում:
Ի պատասխան «թմրանյութի թեստին»՝ Արթուր Հովհաննիսյանն էլ խորհրդարանում պահանջել էր, որպեսզի ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը «սեռավարակի թեստ» հանձնի, քանի որ նա մի քանի բնակարան ունի Երևանում:











