Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել և այսօր էլ ներկա է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10–ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Դրան հասնելու ամենաճիշտ ու օպտիմալ տարբերակը կառավարությունն ու վարչապետին անվստահություն հայտնելն է, այսինքն իմպիչմենտն է։ Խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու տեղ է, ով ականջ ունի՝ կլսի։ Հատկապես, որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, որոնք տարին 1-2 անգամ են հնարավորություն ունենում խոսել ԱԺ ամբիոնից՝ չլինելով պատգամավոր։

Տեսեք միջազգային փորձը. երեկ աշխարհում երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցավ՝ Նեպալում և Ֆրանսիայում։ Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարության քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու երկու ձև կա. մեկը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձեւը Ֆրանսիայինն էր՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մենք մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք»,– ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ այդ հարցում լեզու չգտան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, նա ասաց. «Ես խնդրել եմ, որ ինձ երկրորդ նախագահի մասով հարց մի տվեք»։