ՀՀ կառավարությունը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը, քանի որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում արձանագրվել է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Դրա մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի նիստում՝ պատասխանելով «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին:
Ըստ կառավարության ղեկավարի՝ հենց այդ սկզբունքների արձանագրումն է պատճառը, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո: Եվ դա այն դեպքում, երբ ավելի վաղ հայտարարել էր, թե նման քայլի կհամաձայնի միայն խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո:
«Երբ տեսանք, որ մի շարք հարցեր կլուծվեն մեզ համար ընդունելի ձևով, որոշեցինք, որ չպետք է բաց թողնենք առաջացած հնարավորությունը: Մենք ստացանք այս հինգ պայմանները և ստիպված եղանք ստորագրել փաստաթուղթը»,- ասել է Փաշինյանը:











