«Զարմանալի է, որ կառավարությունն այսքան մեծ գումար է հատկացրել անհուսալի վարկերի մարման համար՝ հաշվի առնելով, որ նախատեսված 218 հազար քաղաքացուց այս պահի դրությամբ ծրագրին դիմել է ընդամենը 5715 քաղաքացի»։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Աղասի Թավադյանը՝ խոսելով այն մասին, որ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց ևս 520 մլն դրամ հատկացնել, որպեսզի մինչեւ հոկտեմբեր մարվեն անհուսալի վարկեր ունեցողների պարտավորությունները։
«Նախագիծն ի սկզբանե մի քանի նպատակ էր հետապնդում։ Առաջին նպատակը ստվերի կրճատումն է. հասկանալի է՝ անհուսալի վարկառուները չէին կարող գրանցված աշխատել, որովհետև հարկադիրը աշխատավարձի 50 տոկոսը կվերցներ։ Նախագիծը երկարաժամկետում որոշակիորեն կարող է ավելացնել պետական բյուջե մտնող հարկերը, սակայն տեսնում ենք, որ ծրագիրը չի աշխատում։ Երկրորդ նպատակը բանկային համակարգին աջակցելն է։ 2025 թվականի սկզբից Երևանում եկամտահարկի հետվերադարձը չի գործում. դա բանկային համակարգի համար պետական բյուջեից ստացվող բավական մեծ եկամուտ էր։ Այս ծրագրի նպատակներից մեկն էլ բանկային համակարգին աջակցելն էր, սակայն ծրագիրը չի աշխատում, ինչը խոսում է նաև այն մասին, որ դրա մասին շատերը չգիտեն, կամ որ վստահության մակարդակն այնքան էլ մեծ չէ»,–ասաց Թավադյանը։
Տնտեսագետ Աղասի Թավադյանի խոսքով, անհուսալի վարկերը մարելով կառավարությունը սոցիալ-տնտեսական խնդիրներ լուծելուց զատ նաև քաղաքական նպատակներ է հետապնդում, հատկապես, որ մի քանի ամսից ընտրություններ են լինելու։
«Կարելի է ասել՝ կաշառք է 2026 թվականին կայանալիք ընտրությունների նախօրեին, սակայն ինչպես տեսնում եք՝ ծրագրից շատ քիչ մարդ է օգտվում, իշխանությունների ծրագիրն այնքան էլ լավ չի աշխատում»,–նշեց Թավադյանը։
Կառավարությունն իր ծրագրով աջակցություն է տրամադրում 218 հազար անհուսալի վարկառուների, որոնց վարկը չի գերազանցում 1 մլն դրամը։ Տնտեսագետի խոսքով սակայն, Հայաստանում շուրջ 340 հազար անհուսալի վարկառու կա, ինչը նշանակում է, որ սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից էլ կառավարության այս ծրագիրը չի հաջողել։











