Գյումրիում երեկ շատ հանգիստ տրամադրություն եղել, ոչ մի անհանգիստ կամ թեժ իրավիճակ չի եղել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով երեկ Գյումրիի քաղաքապետի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանը։

Դիտարկմանը, որ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել են իր անչափահաս երեխաների աչքի առաջ, նա ասաց. «Ես իրավապահ համակարգի գործողություններին գնահատական տալ չեմ պատրաստվում, բայց միաժամանակ վստահ եմ, որ համաչափ են գործել, ունեցել են տեղեկատվություն և կատարել են իրենց պարտականությունները։

Ես ուզում եմ հիշեցնել, որ Վարդան Ղուկասյանը չի ընտրվել, իրեն քաղաքապետ դարձրել է Սերժ Սարգսյանի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Ասում եք՝ տվյալ անձը նշել է որ քաղաքական հետապնդում է իրականացվում ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ։ Նման գործելաոճ նման ձեռագիր գործող իշխանությունը չունի և ընդհակառակը, մենք ենք եղել այն իշխանությունը, ով վերջ է դրել նմանատիպ արատավոր երևույթներին։ Եկեք քաղաքականությունը և իրավական հարթությունում գտնվող հարցերը չմիախառնենք իրար և հասկանանք, որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Կա հարուցված գործ, կա հայտարարություն և եթե չեմ սխալվում, քաղաքապետի որդուն տնային կալանք են տվել, ընթացքը կտեսնենք, կհասկանանք՝ ինչ հանգուցալուծում կունենա»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ Վարդան Ղուկասյանը երեկ տեղի ունեցածը սրիկայություն է կոչել, Էմմա Պալյանն ասաց. «Վարդան Ղուկասյանին կառաջարկեմ շրջի Գյումրիում և գյումրեցիներից իմանա, թե ում արածն է սրիկայություն, և ինչպես են որակում իր աշխատանքը գյումրեցիները։ Խայտառակությունը իր կատարած աշխատանքն է։ Ես նշեցի, որ Վարդան Ղուկասյանը չի ընտրվել Գյումրու քաղաքապետ, Վարդան Ղուկասյանին դարձրել է քաղաքապետ Մարտուն Գրիգորյանը,  սրանք տարբեր բաներ են»։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Վարդան Ղուկասյանի աշխատանքը քաղաքապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Գնահատականս անբավարար կլինի և դա միայն իմ գնահատականը չէ, ես ամենօրյա շփումների մեջ եմ գյումրեցիների հետ և ձեզ վստահեցնում եմ, որ վերջիններս ևս  անբավարար են գնահատում ձեր նշած անձի գործունեությունը»։