Մենք ընդհանրապես Հայաստանում ունենք մասնագիտական կադրերի խնդիր, բոլոր տեղերում, բոլոր վայրերում, և սա արձանագրելու համար պետք է ոչ թե հազարավոր մարդկանց հետ հարցազրույց անել, այլ ելնել այն փաստից, որ մեր հանրակրթության համակարգը ըստ էության իրանից ներկայացնում է ավերակներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք, երբ որ 300 դպրոցի ծրագիրը մեկնարկում էինք, մեզ թվում էր, թե մենք մի հատ այսպես մեծ, գրանդիոզ ծրագիր ենք իրականացնում, հիմա երբ 300 դպրոցի ծրագրի ավարտը երևում է, մենք եկել ենք արձանագրման, որ 300 դպրոցը ավարտելուց հետո պիտի սկսենք 1000 դպրոցի ծրագիր, որովհետև Հայաստանում պատշաճ կրթություն ապահովելու համար պիտանի դպրոցների թիվը մատների վրա կարելի է հաշվել»,–ասաց նա։
Նրա խոսքով՝ մենք թերագնահատում ենք քաղաքաշինության դերը. «Մենք չենք արձանագրել որ այն ձևերը, որի հետ մենք առնչվում ենք շենքերում, բակերում, փողոցներում, ձևավորում է մեր մտածողությունը»։
Վարչապետը բերեց ինքնակամ կառույցների օրինակը, նշելով, որ մենք ասում ենք.
«Հա դե լավ, ի՞նչ ա եղել որ, մարդուն ուզո՞ւմ եք վատություն անել, ոչինչ երկու բան իրար դեմ է կառուցել, եկեք օրինականացնենք»:











