Սա բացահայտ և անթաքույց քաղաքական պատվեր է, քաղաքական հետապնդում այսօրվա իշխանությունների կողմից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, դատարանի դահլիճում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Սա մտնում է ընդհանուր եկեղեցահալած իրենց թվացյալ քաղաքականության մեջ։ Մտածեցին, որ ամենաթույլ օղակը ես եմ և Բագրատ Սրբազանը, նաև Սամվել Կարապետյանը։ Մեր գործերն իրար հետ կապված չեն, բայց նույն քաղաքականության շրջագծի մեջ են։ Իրենց դառը հիասթափություն է սպասում, եթե նույնիսկ մեզ դատեն, նստեցնեն։ Վաղ, թե ուշ ճշմարտությունը հաղթելու է։

Ես այս 80 օրերին այնքան գիրք կարդացի, որ չէի կարդացել վերջին 8 տարում։ Շնորհակալություն մեղադրող կողմին այդ հնարավորությունը տալու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ հիմա կարդում է «Զանգված և իշխանություն» գիրքը, որի հեղինակը նշում է, որ եկեղեցու հետ համեմատած ցանկացած իշխանություն անվարժ արհեստավոր է, գյումրեցին ասում է՝ փինաչի։

Խոսելով իր կալանավորման մասին, Միքայել Սրբազանը նկատեց, որ ինքը ոչ մի տեղ չէր փախչում, չէր թաքնվում. «Ես ոչ մի դարանակալ խոսք ոչ մի տեղ չեմ ասել, և դա վկայում է նաեւ օրագիրս։ Քիթները մտցրեցին օրագիր, այսինքն իմ մտքի մեջ և այնտեղ էլ բան չգտան։ Այտեղ մտնելու իրավունք չունեին։ Կարող է՝ իրավական առումով իրավունք ունեին, բայց բարոյապես իրավունք չունեին։ Մտան, որ մի կոմպրոմատ գտնեն սրբազանի վրա, չգտան։

Գտել են 2022 թվի մի բան, որ ասել եմ «168ժամ»–ին, որտեղ ռազմական հեղաշրջման կոչ արեցի։ Դա բերել կապել են փետրվարի բանին։

Սա քաղաքական պատվեր է, որի արմատները հասնում են մինչեւ 2018 թվական։ Շատերին է հայտնի, որ ես կյանքիս մեծագույն սխալը գործել եմ 2018–ին, երբ ողջունել եմ Նիկոլ Փաշինյանին, բայց երբ Փաշինյանը ասաց՝ դառնում եմ վարչապետ, ասացի՝ չեղավ: Այդ օրվանից է սկսվում այս քաղաքական իշխանության մոտեցման փոփոխությունը իմ նկատմամբ, նաև «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումից, երբ որ իրենց հույսն այն էր, որ ես պիտի ոչ միայն հեղինակեմ այդ շարժումը, այլ պիտի միանամ և այլն և այլն: Եղավ հակառակը, և այդ ժամանակվանից սկսած՝ այս իշխանության աչքի փուշը դարձանք»,- ասաց նա:

Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին՝ Միքայել Սրբազանն ասաց՝ մեծ խանդավառությամբ քննադատություն հնչեցրել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, բայց այդ հայտարարությունները հանցագործություն չեն դիտվել։

«Պատերազմական դրության ժամանակ ասել եմ, բայց հանցագործություն չի դիտվել։ 2021-ին ասել եմ նույն բաները, պարզվում է՝ հանցագործություն չեն տեսել։ 2022-ին տվել եմ հարցազրույց 168-ին, բայց հանցագործություն չեն դիտել։ Նույնն ասել եմ 2023-ին, ինձանից շատ ո՞վ է հարցազրույց տվել հոգևորականներից»,- հայտարարեց Սրբազանը: