Մենք արդեն հայտարարել ենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնազրկման իրավաքաղաքական հիմքերը անհերքելի են, անվստահություն հայտնելու վերաբերյալ այն նախագիծը, որ ներկայացված է, մեզ համար ընդունելի է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19–ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Ավելին, երկու խմբակցությունները, «Հայաստան» դաշինքը, առանձին նաև ՀՅԴ–ն այս ժամանակահատվածում բազմաթիվ նման հիմնավորված ամբողջական հայտարարություններ արել են, այդ թվում անցած տարի, հունիսի 12-ին, Ազգային ժողովում արտահերթ նիստ է հրավիրվել, հենց այդ օրակարգով, այդ պահանջով ու այդ հիմքերը ներկայացված են։ Հետևաբար այդտեղ մենք բնականաբար որևէ հարց չունենք, եթե այդ նախագիծը գա Ազգային ժողովի նիստ, հանձնաժողով, բնականաբար քննարկելու ենք, մեր ներկայացուցիչն էլ լսումներին մասնակցելու է»,–ասաց նա։
Խոսելով Արցախի խնդրի մասին, Սաղաթելյանն ասաց. «Մեր գլխավոր մեսիջն այն է, որ մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ, Արցախի հարցը չի կարող փակվել և այսօրվա իշխանության ղեկին հայտնված այս խմբակը չի ներկայացնում մեր ժողովրդի ամբողջական տեսակետը, դա զուտ Ալիև–Էրդողան–Նիկոլ Փաշինյան պայմանավորվածություն է, որ մեր ժողովրդի իրական և ամբողջական ցանկության հետ կապ չունի»։











