Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) ընդունել է ևս մեկ խոշոր ընկերության մուտքը կապիտալի շուկա։ «ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի պարտատոմսերը սեպտեմբերի 19-ից ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում։ Տեղի է ունեցել ավանդական բորսայական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշում է ընկերության պարտատոմսերի` բորսայում շրջանառության մեկնարկը։
«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ի կողմից թողարկված անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը, ընդհանուր 618,700,000 ՀՀ դրամ ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում։ Ցուցակվել է 6,187 հատ պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13% արժեկտրոնային եկամտաբերությամբ (եռամսյակային վճարումների պարբերականությամբ) և 36-ամսյա շրջանառության ժամկետով՝ մարման օրը սահմանված է 07.03.2028թ։ Այս պարտատոմսերով հնարավոր է իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։
Պարտատոմսերը տեղաբաշխվել են «Դայմենշ» ՓԲԸ-ի կողմից ս.թ. մարտի 07-ից օգոստոսի 07-ն ընկած ժամանակահատվածում թվով 59 ներդրողի միջև, որից 53-ը հանդիսանում են ֆիզիկական անձինք, 6-ը՝ իրավաբանական անձինք։
«ՆՈՈՒԹ․ԱՄ» ՍՊԸ-ն ձևավորման առաջին իսկ փուլից միավորել է փորձառու մասնագետների՝ նպատակ ունենալով բավարարել Հայաստանի և հարակից տարածաշրջանների աճող պահանջարկը համակարգչային և սերվերային լուծումների նկատմամբ։ Ընկերությունն առանձնանում է իր մասնագիտացված մոտեցմամբ՝ շեշտը դնելով ոչ միայն վաճառքի, այլ նաև տեխնոլոգիական համակարգերի նախագծման և ինտեգրման վրա։
Ընկերության պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել բացառապես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով՝ դիմելով բորսայի անդամ հանդիսացող ցանկացած բանկի կամ ներդրումային ընկերության, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով համապատասխան հայտ:











