«Զանգեզուրի միջանցք»-ի օգտագործումը տարածքային պահանջ չէ Հայաստանի նկատմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Թուրքիայի ներկայացուցիչ Ֆաթմա Աքսալը՝ պատասխանելով հարցին արդյոք «Թրամփի ուղու» փոխարեն «Զանգեզուրի միջնացք»-ի օգտագործումը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից չի ենթադրում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, քանի որ միջանցքն այլ տրամաբանություն ունի:

«Ոչ, դա տարածքային պահանջ չէ: Թույլ տվեք ասել՝ ոչ ոք չի կորցրել խաղաղությունից և ոչ ոք չի շահել դեռ պատերազմից: Մեր կառավարությունների միջև կապերը, երկխոսությունները, նախարարությունների միջև կապերը շատ կարևոր են: Եկեք սպասենք և լինենք լավատես, ես լավատես եմ:

Ինչվերաբերում է մանրամասներին, ես չեմ կարող շատ մանրամասներ նշել, քանի որ մենք չգիտենք մանրամասները, բայց ընդհանուր առմամբ եկեք սպասենք, լինենք լավատես, որպեսզի խաղաղություն հաստատենք երկրների միջև»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին՝նա նշում է, որ խաղաղությունը կարևոր է, բայց հայ ռազմագերիներ կան Ադրբեջանում, ի՞նչ է պատրաստ անել Թուրքիան այս հարցով՝ թուրք պատգամավորն ասաց, որ մանրամասներին չի տիրապետում, սակայն Թուրքիան պատրաստ է անել ամեն բան խաղաղության հաստատման համար։