Չկա մեր կողմից որևէ տարածքային պահանջ, սակայն ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանը իր Անկախության հռչակագրում ունի տարածքային պահանջներ, և դա կարող է միակ խոչընդոտը լինել խաղաղության պայմանագիրը չստորագրելու։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում նշեց Ադրբեջանը ներկայացնող պատվիրակ, Թոփչուբաշովի կենտրոնի հիմնադիր Մուրադ Մուրադովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, արդյոք դա նշանակում է, որ Ադրբեջանը տարաքային պահանջներ ունի Հայաստանից։
«Բաքվի համար կարևոր է, որ այդ պահանջները չեղարկվեն։ Դա է միայն, որ ստեղծում է պոտենցիալ իրավական հիմքեր, որը այս պահին խոչընդոտ է հանդիսանում հենց խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք տարածքային պահանջներ են ենթադրում Հայաստանից, ինչու այստեղ չի գործում փոխադարձության սկզբունքը, բացի այդ, Սահմանադրությունը փոխելը շատ արագ հնարավոր չի լինի իրականացնել, հանրաքվե, հանրաքվե է անհրաժեշտ, ադրբեջանցի պատվիրակն ասաց. «Ադրբեջանի Սահմանադրությունը չունի որևէ տարածքային պահանջ, դա ավելի շատ Ադրբեջանի՝ Հարավային Կովկասի արևելյան տարածաշրջանի մաս կազմելու մասին է խոսքը, բայց որպես այդպիսին որևէ տարածքային պահանջ կամ ամբիցիա Ադրբեջանը չունի ըստ մեր Սահմանադրության»։
Հարցին՝ այդ դեպքում, երբ հայտարարվում է «Արևմտյան Ադրբեջան», ինչի՞ մասին է խոսքը, արդյոք դա տարածքային պահանջ չէ, Մուրադովը պատասխանեց. «Բոլորովին ոչ։ «Արեւմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն, որ միմյանց տարածաշրջանային ամբողջականությունը պահպանում են և հարգում են։ Դա ՀԿ է ավելի շատ, որը սպասարկում է ժողովրդի շահերը և ավելի շատ մշակութային ժառանգությանն է վերաբերում, որովհետև երկար տարիներ ապրել են տվյալ տարածքներում և մարդիկ ուզում են այցելել իրենց հարազատների գերեզմանները և այլն։ Դա ավելի շատ մշակութային ժառանգության և ժողովրդի շահերը սպասարկող կոնցեպտ է դա»։











