Ես պաշտոնի համար նախկինների ու ներկաների հետ երբեք ճանապարհ չեմ գնա, որոնք այս ամեն ինչը կազմակերպել են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 23–ին, Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2026–ի ԱԺ ընտրություններին ընդառաջ ինքը ինչ քայլերի է գնալու, որ ուժերի հետ է համագործակցելու։

«Կառաջարկեմ բոլորին, որոնք տեսնում են այդ ամեն ինչը ու իրենց ինչ-որ ոսկոր բերանները գցել են, ձենները կտրել են, ելեք, ազգը կործանվում է, ելեք պաշտպանեք ազգը։ Հերիք է այսպես ամեն մեկս ստից գնանք ու յանի հեչ բան չգիտենք, ամեն ինչը լավ գիտենք։

Ինձ պետք է մի քիչ համբերել, ես կասեմ՝ ես առանձին կգնամ, թե չեմ գնա, թե որևիցե մեկին կպաշտպանեմ։ Հիմա պատրաստ չեմ պատասխանելու, բայց որ անպայման ազգային եմ լինելու, ազգի շահերը պաշտպանելու եմ ու բոլորը դա տեսնելու են։ Համբերեք»,–ասաց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ նորից Կոմկուսի հետ գնաք ընտրությունները, Գյումրիի քաղաքապետն արձագանքեց. «Ինչի՞ ոչ, կոմունիստները սարքեցին այս երկիրը, կոմունիստներով խաղաղ էինք, կոմունիստներով այս երկիրը կառուցվեց։ Եկեղեցի քանդող կոմունիստների մասին չեմ խոսում։

Այո, պետությունը պետք է ունենա սեփականություն, ոչ թե ինչ-որ մի քանի հոգի պետությունից հարուստ լինեն։ Իսկ ինչի՞ պիտի պետությունը չհարստանա, ինչի՞ պիտի պետությունը ներկրում չանի, ինչի՞ պիտի զենքը պետությունը չներկրի, ինչի՞ պիտի բանակը պետությունը չանի, ինչի՞ պիտի բենզինը մի քանի մարդ ն երկրի։ Մի քանիսը միլիարդներ են դառել, չգիտեն ինչ անեն, իրենց շներին բրիլյանտներով են կերցնում, ժողովուրդը սոված մեռնում է։ Ես–ը փոխարինում ենք մենքով»։

Ինչ վերաբերում է «Մեր ձեւով» շարժման հետ հնարավոր համագործակցությանը, Ղուկասյանն ասաց. «Մեր ձևով» շարժմանը հարգում եմ, հայոց ազգի համար առաջին բարերարների շարքին է դասվում տղեն, ազգի հետ կապված ինչ համահայկական գումար են հավաքել, ինքը մասնակցել է բոլորից շատ։ Բա նմանատիպ տղերքին, եթե մենք չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում։

Գեներալին չենք հարգում, հերոսներին չենք հարգում, բժիշկներին չենք հարգում, մանկավարժներին չենք հարգում, նախկիններին չենք հարգում, բա ո՞ւմ ենք հարգում։ Վիկտոր Համբարձումյանին չենք հարգում, Մեսրոպ Մաշտոցին չենք հարգում, սրանք ո՞ւմ են հարգում»։