Բոլոր շրջանառվող վարկածները անհրաժեշտ է մանրազնին քննության ենթարկել, բոլոր մոտիվները պիտի անպայման ուսումնասիրվեն, բայց մի բան փաստ է, որ փողոցում վխտում են ապօրինի զենքով մարդիկ, որոնք այս իրավապահ համակարգի անգործության հետևանք է, այս իշխանության ստեղծած իրավապահ համակարգի, որովհետև նրանք զբաղված են ամեն ինչով, բացի իրական հանցագործներին բռնելով։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Մերձավանում լրագրողների հետ զրույցում նշեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

«Եթե այս սպանությունը չբացահայտվեց, դա բացահայտվելու է վաղը և անգործության մատնված անձինք նույնպես պատասխան են տալու։ Այնպես որ, թող օր առաջ լծվեն այս սպանությունը բացահայտելուն։ Կան տեսանյութեր, այդ պահը տեսագրվել է, պիտի հետևից գնալ, պիտի բացահայտել, որովհետև պատահական բաներ տեղի չեն ունենում։ Դա մեկ օրում չի լինում, չէր կարող հենց այդ պահին դա տեղի ունենար,  հետևաբար եթե մինչև այդ արած լինեին իրենց աշխատանքը, այս սպանությունը տեղի չէր ունենա»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ մերձավանցիները պատմում են եղած լարված մթնոլորտի մասին, Թանդիլյանն ասաց. «Ես նման տեղեկություն չունեմ։ Այն որ մինչև այդ էլ սպանություն է տեղի ունեցել, դա փաստ է, եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, բացահայտած կլիներ իրավիճակը և այսպիսի իրավիճակների չէինք գա։ Ես հասկանում եմ, որ նաև հաշվեհարդարի վարկած էր շրջանառվում, բայց դա պատիվ չի բերում իրավապահ համակարգին։ Դա նշանակում է, որ իրենք իրենց գործը չեն արել։ Ամեն ինչ պետք է անել ժամանակին, որ սա նման շարունակություն չունենա։

Ինչ վերաբերում է քաղաքական մոտիվներին, ինձ էլ են սպառնալիքներ ուղարկում նաև այսօր այս դեպքի հետ կապված։ Ինչ-որ ֆեյքեր են։ Գրում են՝ ձեզ էլ պիտի ստանեին։ Չեմ կարող ասել՝ ինչ է կատարվում, բարձիթողի վիճակ է»,–ասաց Թանդիլյանը։

Նա նկատեց, որ մարդիկ իրենց տեղում չեն, զբաղված են դատավարություններով, որոնք անպատեհ են ու ընդհանրապես կապ չունեն հանցագործությունների հետ. «Բոլորս ականատես ենք լինում այդ բեմականացմանը, բայց իրական հանցագործները փողոցում են անօրինական զենքով քայլում, թող զբաղվեն իրենց գործով»։

հարցին՝ սպառնալիքների մասով դիմե՞լ է իրավապահներին, նա բացասական պատասխան տվեց. «Չէ, ես լուրջ չեմ վերաբերվում բայց ուզում եմ ասել որ այս երկրում ամեն ինչ ամենքից սպասելի է դարձել, որովհետև ոստիկանությունը, իրավապահ համակարգը մի բանով է զբաղված՝ իշխանություն պահել այսօրվա իշխանությունների համար»։

Անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը եւս մտահոգություն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, Թանդիլյանն ասաց. «Նա պետք է դադարեցնի իր խոսքերը որպես համար առաջին ընդդիմադիր։ Ո՞ւմ է ասում, ո՞ւմ հետ է խոսում։ Ես հասկանում եմ, որ ինքն էլ է հասկանում, որ ինքը իր տեղում չի, բայց բավարար է ստատուսագրի նման, առավոտ մարդիկ արթնանում, տեսնում են, Փաշինյանը ինչ ստատուս է գրել։ Սա խայտառակություն չի՞։ Թող իրավապահ համակարգին գործի դնի և օր առաջ այս սպանությունը բացահայտվի, ամեն օր հետևելու ենք այդ իրավիճակին։ Ամեն օր իրենց շնչին կանգնելու ենք, որ աշխատեն, չեն մարսելու սա»։