Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, բացի այն, որ zարհուրելի դեպքի հետ գործ ունենք, այլ բան ասել չեմ կարող։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, կառավարության դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Բալյանը՝ անդրադառնալով Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությանը։

Դիտարկմանը, որ սա մասնագիտական առումով բացթողում էր, նա ասաց. «Կրկին որևէ մեկնաբանություն տալ չեմ կարող,։ Մենք կարծում եմ՝ պետք է սպասենք մինչև օբյեկտիվ իրականությունը պարզվի։

Եթե բոլոր իրավիճակները մեկնաբանենք որպես բացթողում, այո, գուցեև որոշ մարդկանց վատ աշխատելու արդյունք է, գուցե այնպիսի բանի արդյունք է, որը հնարավոր չէր կանխատեսել։ Այսինքն նման իրավիճակներից չենք կարող ապահովագրված լինել, ցավոք սրտի, աշխարհը չի կարող ապահովագրված լինել, բայց հարցադրումները տալ այն տեսանկյունից, որ արդյոք արդարադատության անկյունից դա բացթողում չէր, ես դա ճիշտ չեմ համարում։

Այո, ցավալի դեպք է տեղի ունեցել, նախաքննությամբ կպարզվեն բոլոր հանգամանքները, դրանից հետո կկարողանանք հետևություններ անել»։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս դեպքին չպետք է հաջորդեն հրաժարականներ, Գալյանն արձագանքեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև նախ արդարադատության նախարարության հետ առնչություն չունի այս իրավիճակը, և երկրորդ, մինչև քննությունը չլինի և գործի հանգամանքները չպարզվեն, որևէ ելքի մասով որևէ դիտարկում անել չենք կարող»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։