Ես հակընդդեմ առաջարկ ունեմ. առաջարկում եմ, որպեսզի Սերժ Սարգսյանը ու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեն, որ դուրս են գալիս քաղաքականությունից, որպես երկար տարիներ Հայաստանը կեղեքած կոռուպցիոն համակարգի հիմնադիրներ և ղեկավարներ և նաև ընտրակեղծարարներ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ այս պահին դրսում կան հավաքված մարդիկ ու պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։

«Առաջարկում է, որ ՀՅԴ–ն ինքնալուծարվի, որովհետև դա մի կուսակցություն է, որը իր 004 շրջաբերականով ֆիքսել է, որ իր նպատակն է Հայաստանի անկախությունից հրաժարվելը, հետո կխոսենք։ Իսկ մենք կհեռանանք իշխանությունից այն ժամանակ, երբ ժողովուրդը կասի, որ այլևս չի ուզում, որ մենք լինենք իշխանություն։ Դրա մեխանիզմը հայտնի է՝ ընտրություններ»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ չկա դատարանի որոշում, որ նախկին նախագահները կոռուպցիայի մեջ են ներգրավված եղել, Ռուբինյանն ասաց. «Եթե ես ճիշտ եմ հիշում, դուք օրինակ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, որպես լրագրող, գրում էիք այդ թվում իշխանությունների կոռուպցիայի մասին, ինչի՞ էիք գրում, փաստեր ունեի՞ք։

ես ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա լրագրողներիդ շրջանում կոնսենսուս կա, որ օրինակ, Սերժ Սարգսյանը և ՀՀԿ–ն ընտրակեղծարարներ չեն և կոռումպացված չեն եղել։ Եթե դա է ձեր կոնսենսուսը, ուրեմն դուք ընդհանրապես կապ չունեք Հայաստանի ներքաղաքական դաշտի և հանրային մտքերի հետ։

Եթե իմ ասածները սխալ լինեին, Սերժ Սարգսյանը չէր հեռացվի իշխանությունից։ Էլ չեմ ասում քո այն բազմաթիվ գույքերը, որ դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից ու իր ընտանիքից, որը գումարային մոտ 200 միլիոն դոլար է։ Ինքը մուծվելու է դա, ձև չունի»,–ասաց նա։