Իրենք փալաս են, երբեք իրենց խոսքի տերը չեն եղել, բանը հասել է սրան, որ ծնողների զայրութը նորից շարժեցին, ինչպես միշտ ծնողը միշտ խաբված է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ՊՆ–ի շենքի դիմաց նշեց անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը։
Նշենք,ո ր ծնողները փակել են ՊՆ–ի մուտքը և թույլ չեն տալիս որեւէ մեկը մտնի կամ դուրս գա այնտեղից։ Նրանք պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
«Այսօր պիտի 30 ծնող ընդունեին, բայց ինչպես միշտ այս թույլիկ մորքուրները ոնց պատերազմին են թողել փախել, նույնը ծնողից փախան։ Հանդիպում խույս են տալիս։ Մենք Արման Սարգսյանի հետ չենք էլ ուզել հանդիպել»,–ասաց նա։
Հարցին՝ ո՞րն էր պատճառը որ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանի հետ չեք ուզում հանդիպել, կինն արձագանքեց. «Ո՞ւր է էնտեղ մարդ։ Իմաստ չեմ տեսնում իր հետ հանդիպման»։
անհետ կորած Համազասպ Պողոսյանի հայրը՝ Հովհաննես Պողոսյանն էլ հավելեց. «Ուղիղ ասում եմ, ստորաբար խաբել են մեզ, խոստացել են, որ երկուշաբթի հանդիպում է լինելու, ժամը հստակեցված չի։ Մենք ասեցինք՝ պետք չի որ մեզ զանգեք, մենք ժամը 12-ին ծնողներով այստեղ կլինենք այդ երեք մարդուն տեսնելու։ Մենք վաբշե կասկած չենք ունեցել, որ կարող է հանդիպումը չլինել։
Իրենք իրենց խոսքի տերը չեն։ Իմ հայրը ասում էր՝ քանի բառը բերանումդ է, ինքն է քո գերին, հենց բերանիցդ հանեցիր, դու ես իր գերին։ Հիմա սրանք հանել են, գերի են ընկել, չեն կարում իրենց տղամարդկությունը պահեն։ Խոսք եք տվել, խոսքի տեր եղեք, արա։ Իսկ Արման Սարգսյանին չկա տենալու։ Ինքը մեզ չի հետաքրքրում, իրեն բազմիցս տեսել ենք։ Մեզ հետաքրքրում էր երեք պաշտոնյա, որ այդ մարդկանց հարցեր ունեինք տալու, մենք Արման Սարգսյանին հարց չունենք տալու»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ծնողները պահանջում են հանդիպում ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ հանդիպում։
Նրանք ակցիա են իրականացրել նաև սեպտեմբերի 27–ին, և իրենց ասել են, որ այսօր կլինի հանդիպում։
Դեռ շաբաթ օրը ակցիայի ժամանակ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը NEWS.am–ին հայտնեց, որ եթե երկուշաբթի հանդիպումը չկայանա, կդիմեն ծայրահեղ քայլերի։
«Թող ժողովուրդը մեզ ների, բայց քաղաքը կոլապսի կենթարկենք, փակելով գլխավոր ճանապարհները, բայց չենք ասի, թե որը։ Մենք երկուշաբթի ժամը 12–ից գալու ենք, որովհետեւ մեզ հստակ ժամ չեն ասել, իսկ մենք չենք ուզում ժամանակ կորցնել՝ հաշվի առնելով, որ արդեն 5 տարի սպասում ենք»,– ասել էր Ղուկասյանը։











