Ես արել եմ իմ հետևությունները և մեր հարգելի, սիրելի պատվիրակներին գոհացնելու և նրանց վստահությանը հաջորդ անգամ ավելի մեծ մասշտաբով արժանանալու համար, ավելի շատ պետք է աշխատենք և շփվենք։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ինքը չհայտնվեց ՔՊ վարչության կազմում։
Խոսելով 2026–ին ՔՊ–ի նախընտրական ցուցակի մասին, Վաղարշակ Հակոբյանն ասաց. «Նախընտրական ցուցակը ևս ընտրելու են պատվիրակները, հուսանք, որ այդ մեխանիզմը ևս կգործի։ Սա առաջին անգամ է տեղի ունենալու։
Բազմաթիվ ընկերներ, կարող է բազմաթիվ ընկերների չկարողանան աջակցել, դա նորմալ է, և այստեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում։ Միգուցե ես նաև բազմաթիվ ընկերների չկարողանամ աջակցել, թեթև տարեք։
Քաղաքական պրոցեսները փոփոխման և շարունակականության մասին են, և եթե որևէ մեկը կարծում է, որ Ազգային Ժողովը կամ որևէ պաշտոն, որևէ նախարարի պաշտոն կամ փոխնախարարի պաշտոն կամ որևէ այլ պաշտոն՝ նշանակովի և ընտրովի, իր սեփականությունն է, իշխանության ներկայացուցիչը չի կարծում, որ որևէ պաշտոն իր սեփականությունն է, այդ թվում նաև ես»,–ասաց նա։











