Պետք է նորություն չլիներ վարչապետի համար, որ Ալիևը տարածքային պահանջ ունի. «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը ինչի՞ համար է, 300.000, այսպես կոչված, փախստականների վերադարձը Հայաստան հենց այդ տարածքային պահանջների հետագա իրացման կարևորագույն քայլերից մեկն է, ըստ իրենց ծրագրի։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ–ից հեռացված Հովիկ Աղազարյանը։
«Դա իրենք հետևողականորեն անում են: Վարչապետը շատ լավ գիտեր այդ մասին և հետևաբար այն, որ ասում է, թե խաղաղություն է բերել, բառերով չի լինում։ Խաղաղությունը պիտի մի իրավիճակ լինի, որ կողմերին համար այլ տարբերակ չլինի, քան խաղաղությունը, պատերազմական ճանապարհով հարց լուծելը դառնա աննպատակահարմար։ Բայց քանի որ այսօր այդ վիճակը չի, հետևաբար խաղաղություն մենք չունենք»,–ասաց նա։
Մենք պատերազմական իրավիճակում ենք իրականում։ Եվ այնպես չի, որ պատերազմների ժամանակ մարդիկ Նոր տարի չեն արել, ծնունդ չեն արել, մարտի 8 չեն արել։ Այդ ձևով չեն որոշում խաղաղություն է, թե խաղաղություն չի։
Այն, որ մի տարի յոթ ամիս զինվոր չի սպանվել, դա ոչինչ չի նշանակում։ Ալիևը ինչ-որ իմաստով, կուտ է տալիս, որ ինչ-որ բաներ պոկի։ Իհարկե Ալիևը շատ է ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, բայց ռիսկ կա, որ կարող է և չընտրվի։ Հետևաբար Ալիևը ուզում է, որ Նիկոլ Փաշինյանը մի քիչ էլ ճնշի, էլի բաներ կորզի, քանի հնարավորություն կա։ Դրա համար կրակոցներ չեն լինի, որ ասեն՝ խաղաղություն է, մեզ ընտրեք»,–ասաց Աղազարյանը։
Հարցին՝ ինչ կլինի Ալիևի համար, եթե Փաշինյանը չվերընտրվի, նա պատասխանեց. «Նախ Ալիևը և Ադրբեջանը պետք է վստահ լինեն, և այդպես էլ կա, որ ով էլ գա Հայաստանում իշխանության, կնքած որևէ փաստաթղթից չպետք է հրաժարվի։ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող իրեն այդպիսի բան թույլ տալ, ուղղակի պետք է այդ փաստաթղթերով առաջ եկած մարտահրավերները ճիշտ կառավարի։ Օրինակ, վերցնենք «Թրամփի ուղին»։ Եթե Հայաստանին հաջողվի այդ ուղու շինարարությանը ներգրավել Իրանին, Չինաստանին, Հնդկաստանին, Ռուսաստանին, ապա դա կլինի հիանալի պրոյեկտ Հայաստանի համար։
Եթե չհաջողվեց, արդյունքում մնաց Թուրքիան և Ադրբեջանը, դա կլինի այն միջանցքը, որը Ալիևը ասում էր իր բոլոր հետևանքներով»։











