Զինվորական կացարանը ջեռուցվել է վառարանով, միջանցքում դրված է եղել, դրա մոտ թիթեղյա տարա չեմ նկատել, ուշադիր չեմ եղել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով դատաքննության ժամանակ նշեց որպես վկա հարցաքննվող Վահագն Ներսիսյանը, ով որպես սպա–հոգեբան է աշխատում։
Դատախազը հետաքրքրվեց, թե ովքե՞ր են հանդիսացել զորամասի ինժեներասակրավորային վաշտը կրակմարիչներով ապահովելու պատասխանատուները, նաև զորամասի հակահրդեհային անվտանգության և փրկարար աշխատանքների պետն ով է հանդիսացել և ի՞նչ պարտականություն է ունեցել։ Այս հարցերցի հետո դահլիճից մեկն ասաց. «ծիծաղելի հարցեր եք տալիս»։
Իրավիճակը լարվեց, տուժողների իրավահաջորդներից մեկը տեղից վեր կացավ և բողոքեց, որ անիմաստ հարցերով ժամանակ են ձգում. «Եթե վռազում եք, էսպիսի հարցերն ինչի՞ եք տալիս, հարցը տալիս եք տալու համար։ Ծեծված հարցեր ես տալիս»։
Դատավորը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը. նա կոչ արեց տուժողներին նստել եւ չխանգարել նիստը։
Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, երեքը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է նաև մեկ այլ առանձին վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նշված քրեական վարույթը միացվել է մայր գործին, համատեղ քննություն է իրականացվում։ Քրեական գործով այս պահին արդեն կա 4 մեղադրյալ, որից երկուսը կալանքի տակ են։ 4-րդ մեղադրյալը կապիտանն է, որն, ըստ Ն. Փաշինյանի կողմից կառավարության նիստում շրջանառության մեջ դրված վարկածի, փորձել է ավտոբենզինով վառել վառարանը։ Կապիտանը, ինչպես հայտնի է եւս այրվածքներ էր ստացել ու տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում, իսկ տուժող կողմը սկսել էր սեփական հետաքննությունն իրականացնել՝ չվստահելով պաշտոնական վարկածին։ Քրեական գործով ընդհանուր առմամբ հինգ մեղադրյալ կա։ Գործն այժմ գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանի վարույթում։ Գործով այդպես էլ չի պարզվել, թե ինչու զինվորները չեն կարողացել դուրս գալ բռնկված կացարանից։











