Ես ճիշտ հասկացա՞, որ Գարուշի քիչ այրվածքներ ստանալն է եղել պատճառը, որ տպավորվել է, որ իբր ինքը դռնից է դուրս եկել։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3–ին, Ազատի զինվորական կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով դատավարության ժամանակ զոհված զինծառայողներից մեկի ծնողը հարց ուղղեց գործով որպես վկա հարցաքննվող  Վահագն Ներսիսյանը, ով որպես սպա–հոգեբան է աշխատում։

Ստանալով դրական պատասխան, ծնողը շարունակեց. «Բա մյուս տղան, որ իր հետ իբր դուրս է եկել, նրա վրա քերծվածք անգամ չի եղել։ Ինչի՞ նույն տպավորությունը իր մասին չեք ունեցել, որ ինքն է հենց դռնից դուրս եկել, կամ երկուսն էլ դուրս են եկել։

Դու ինձ ասել ես՝ Գարուշն ինձ ասել է՝ բուշլատը գցել եմ դեմքիս, թռել եմ դուրս։ Դու ոչ թե կարծիք ես հայտնել, որ քո մոտ տենց տպավորություն է եղել, այլ որ ռեալ Գարուշն այդպես է ասել։

Ես քեզ հարցրեցի՝ եթե պետք լինի, էս ամեն ինչը ռեալ կասե՞ս դատարանում։ Ասացիր՝ հա, անգամ ասեցիր՝ չասողը էսինչի տղա ա։

Ինչի այդ նույնը չես ասել նախաքննական ցուցմունքի ժամանակ, էստեղ էլ ասում ես՝ կարծիք է եղել ընդամենը»։

Վկան հրաժարվեց, թե նման բան է ասել ծնողներին. «Ես իմ կարծիքն եմ հայտնել։ Ես նշել եմ, թե ինչից է իմ կարծիքը ձևավորվել»։

Դատավորն էլ նկատեց, որ տուժողի հարցն ու իր տված պատասխանը տարբեր բաների մասին են և միմյանց չեն համապատասխանում։

Ծնողղներից ևս մեկը հարց ուղղեց վկային. «Լսի, քեզ ինչ եմ ասում։ Ես որ մտա Գարուշի մոտ, ասեց՝ բուշլատը գցեցի վրես, թռա դուրս։ Դու էլ ասեցիր՝ նույն բանը ինձ Վարդենիսում է ասել։ Հիմա էստեղ ասում ես՝ դա իմ եզրակացությունն է։Ու երբ ես հարցրեցի՝ դատարանում նույնը կասե՞ս, դու ասեցիր՝ ես էն տղեն եմ, կյանքի տղա եմ, ես ոչ մեկից վախենալու բան չունեմ, ես հատիկ առ հատիկ նույնը կասեմ դատարանում։ Ինչ ասել ես, էստեղ ասա, թող բոլորն իմանան։ Ճիշտը էստեղ ասա»։

Երբ վկան կրկնեց, որ դա միայն իր կարծիքն է եղել, դա հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մեկը բարկացած ասաց. «Դու հիմա էլ ծառայում ես, ո՞նց կարող ա պատահի վերևների ասածը չանես։ Թող հետեւություն անեն, հիանան ձեզնով ու մնացած սպայական կազմով։ Խալխի երեխեքին վառեցին, ասում են՝ թող գնան ծառայեն, ո՞ւմ ծառայեն, ո՞ւմ տանք, լրփի տղերք»։