Ոչ միայն մենք, այլեւ բոլոր միջազգային գործակալություններն են կանխատեսում, որ պղնձի մեկ տոննայի գինը 2026թ․ կբարձրանա մինչեւ 11 000 դոլար, իսկ 2027-2028թթ. սպասվում են ավելի բարձր գներ։ Այս մասին լրագրողներին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։ Նա դա պայմանավորել է պահանջարկի աճով, քանի որ պղինձը մեծ քանակությամբ օգտագործվում է վերականգնվող էներգետիկայում։

«Բացի այդ՝ աշխարհի ամենամեծ հանքը՝ Գրասբերգը (Ինդոնեզիա), անգործության է մատնվել, ինչը նույնպես դրական ազդեցություն է ունեցել գների վրա կարճաժամկետ հեռանկարում»,- բացատրել է Ջանյանը։

Նա նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներուժը հսկայական է։

«Հայաստանը կարող է իր հանքարդյունաբերության արտահանումը հասցնել 3 միլիարդ դոլարի 5-6 տարվա ընթացքում։ Սա ավելին է, քան Հայաստանի ամբողջ 2021թ․ արտահանումը։ Ծխախոտի արտահանումը, որը զբաղեցնում է երկրորդ տեղը, կազմում է տարեկան մոտ 300 միլիոն դոլար»։

«3 միլիարդ դոլարի նշագծին կարելի է հասնել Ամուլսարի հանքի վերագործարկմամբ եւ առկա հանքերի արտադրողականությունը բարձրացնելով։

Մենք տեսնում ենք, որ այս հնարավորությունը գոյություն ունի. բիզնեսը պատրաստ է։ Այսօր մենք լսեցինք, որ կառավարությունը նույնպես պատրաստ է։ Մնում է միայն քրտնաջան աշխատել»,- ընդգծել է Ջանյանը։