«Պատիվ ունեմ» խմբակցությունը առաջարկել է հայտարարության տեքստ, Ազգային ժողովի հայտարարության տեքստ, որում արձանագրված փաստերը հայտնի են բոլորին, պարզապես այս հայտարարության մեջ դրանք կրճատ շարադրված են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6–ին, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Ազգային ժողովում:
«Այս փաստերը կարելի էր ավելի երկար շարունակել և այստեղ ներկայացված են բացառապես ամենա աղաղակող, ամենա շատ ցավ և խնդիրներ մեր երկրի համար առաջացնող փաստերը։
Հայտարարության ներկայացումից ի վեր թերևս երկու կարևորագույն կետ կարելի էր ավելացնել, մենք չենք ներկայացնելու փոփոխություն, բայց «Արտաքին քաղաքական արկածախնդրություն և զիջում» բաժնում, կարելի էր ավելի մանրամասն ներկայացնել այն անորոշությունները, որոնք առաջացել են Վաշինգտոնյան արձանագրությունների, Վաշինգտոնում կնքված փաստաթղթերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթների համատեքստում։ Եվ երկրորդ, «Նահանջ ժողովրդավարությունից և մարդու իրավունքների համատարած խախտումներ» հատվածում մենք ունենք ևս մեկ խայտառակ ապօրինի որոշման օրինակ. ուրբաթ օրը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կայացված ապօրինի որոշումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր երկրում ժողովրդավարության հետնահանջը»,–ասաց նա։
Հայկ Մամիջանյանը խոսելով այդ թեմայով անցկացված խորհրդարանական լսումների մասին, Ասաց» «Ես ճիշտն ասած վերջին շրջանում նմանօրինակ կոնսոլիդացիայի դեպք չեմ հիշում, ուստի սա կարող ենք համարել լավ սկիզբ։ Առաջին հերթին մեր քաղաքացիներին տեղեկացնում եմ ևս մեկ անգամ, որ սա վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, իսկ խոսակցականում իմպիչմենտի գործընթացը չի։ Սա հայտարարություն է, որը արձանագրել է մեր երկրում արտաքին քաղաքական և ներքաղաքական, ինչպես նաև անվտանգային խնդիրները։
Իսկ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը ընթանում է իր հունով, և դա լրիվ այլ գործընթաց է։ Այսինքն որևէ մեկի մոտ տպավորություն չառաջանա և այս երկու գործընթացները իրար հետ չշփոթեն, որովհետև նույնիսկ մամուլում տեսնում էի, որ առկա են տարընթերցումներ»։











