Ուղղակի այդպես են համարել ճիշտ, այդպես են արել, ես դա բոյկոտ չեմ համարում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Փարաքարում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ համայնքապետ ընտրված Օնիկ Ախվերդյանը՝ անդրադառնալով նրան, որ ավագանու նիստին, որտեղ համայնքապետ էին ընտրում, ներկա չէիր ՔՊ և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները։

«Ավագանու ՔՊ–ական անդամների տրամադրվածությունը Վալոդյա Գրիգորյանի ժամանակ էլ է նորմալ եղել, ինձ թվում է՝ այդպես պետք է շարունակվի»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ ծեծկռտուք է եղել երեկ Փարաքարում, մամուլը գրել է, որ այն եղել է Վալոդյա Գրիգորյանի և Ախտոյանի թիմակիցների միջև, Ախվերդյանն ասաց, թե տեղյակ չէ. «Ճիշտ կլինի իրավապահ մարմիններից էդ բոլորը ճշտեք»։

Հարցին՝ ի՞նչ քայլեր է իրականացնելու համայնքում լարվածությունը թուլացնելու համար, Ախվերդյանն արձագանքեց. «Այդ հարցերը ինձ պետք է չտաք, իրավապահ մարմիններին պետք է տալ»։

Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ ՔՊ–ն կարող է գնալ «մանդատագողության»՝ իր կողմը քաշելով ավագանու «Միասնություն» դաշինքի անդամներից 1-2–ին և այդպիսով վերցնելով իշխանությունը համայնքում, Օնիկ Ախվերդյանն ասաց. «Ինձ թվում է, այդպիսի բանի չեն գնա, ու մեր թիմակիցների վրա ես վստահ եմ։ Դժվար է այդպիսի բանի գնան»։

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, համայնքի ղեկավար ընտրեց «Միասնություն» դաշինքը ներկայացնող Օնիկ Աախվերդյանին։ Նա ստացավ 12 ձայն:

Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները  չմասնակցեցին ավագանու նիստին։