Խաղաղության փաստաթղթի ստորագրումը, եթե այն ստորագրվի, դրական է, բայց միջազգային երաշխիքների բացակայության պայմաններում այն շատ քիչ ուժ ունի։ Նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսում։

Նախկին նախագահը հիշեցրել է, որ Հայաստանը ֆորմալ ձևով ներգրավված չի եղել պատերազմում և այդ պատճառով պարզ չէ, թե խաղաղության պայմանագիրն ինչի մասին է։ «Ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում 44-օրյա պատերազմի ժամանակ ռազմական դրություն էր հայտարարված և մենք պարտվեցինք։ 92-93 թվականներին ոչ ռազմական դրություն կար, ոչ մոբիլիզացիա և մենք հաղթեցինք»։

«Պատասխանը դուք ինքներդ եք տվել։ Ես նույնպես վատ եմ պատկերացնում, թե ինչի համար է այս ամենը։ Եթե պայմանագիրը ստորագրվի, դա լավ է։ Բայց եթե փաստաթուղթը չունի երաշխավորներ, խախտման դեպքում հետևանքների միջազգային մեխանիզմներ չկան, այսինքն դա ոչ թե փաստաթուղթ է, այլ ընտրությունների համար նախատեսված թուղթ, որն օգտագործվելու է նախընտրական քարոզարշավում, այլ ոչ թե խաղաղության համար»,– նշել է նախկին նախագահը։