Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է հոկտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսում։
Հրաժարվելով խոսել այլ նախկին առաջնորդների անունից՝ Քոչարյանը հիշեցրել է, որ 2021 թվականի ընտրություններին մասնակցությունը ցույց է տվել, որ «ես որոշակի ազդեցություն ունեմ զանգվածների համախմբման համար»։ Միաժամանակ նախկին նախագահն ընդգծել է, որ ցանկանում է նոր ուժեր ի հայտ գան, որոնց հետ համագործակցությունը կարող է հանգեցնել երկրում տիրող իրավիճակի փոփոխությանը։
«Իմ թիմը կմասնակցի», - խոստացել է Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրել է, որ առաջին նախագահի կուսակցությունը մասնակցում է քաղաքական գործընթացներին, իսկ երրորդ նախագահի կուսակցությունը մասնակցում է բոլոր ընտրություններին։ «Կուսակցության մասնակցությունը նշանակո՞ւմ է առաջնորդի մասնակցություն։ Իհարկե, այո»,– նշել է նախկին նախագահը։ Նա օրինակ է բերել միջազգային քաղաքական գործընթացներից. Իվանիշվիլին ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց բոլորը տեսնում են, որ ոչ մի կարևոր հարց չի լուծվում առանց նրա մասնակցության, նա «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդն է։
«Ո՞րն է ավելի լավ՝ չլինել առաջին պլանում և լուծել ամեն ինչ, թե՞ հանդես գալ սեփական դեմքով և հրաժարվել քողարկումից։ Ո՞րն է ավելի լավ։ Մնալ առաջնորդ և ասել, որ ինքը չի մասնակցում... իսկ ո՞վ է մասնակցում։ Կուսակցության մասնակցությունը նշանակում է նաև առաջնորդի մասնակցությունը։ Եթե մեր թիմում հայտնվի մեկը, ով ավելի շատ ձայն կհավաքի, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքի հարց չէ»,– վստահեցրել է Քոչարյանը։ Նրա խոսքով՝ 2021 թվականի ընտրություններում հանրային կարծիքի և քաղաքական դաշտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն դեպքում, երբ քարոզարշավը ղեկավարում էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը, ավելի շատ ձայներ հավաքելու շանսեր են եղել։











