Ես չգիտեմ՝ ի՞նչ տվյալների հիման վրա որեւէ մեկը կարող է ասել, որ ռազմական բալանսը խախտվել է իմ ժամանակ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Որտեղի՞ց են էդ տվյալները։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հի՞մք է ձեզ համար։ Բացարձակապես սուտ է։ Մենք ոչ միայն ունեինք ռազմական բալանս, մենք ունեինք զգալի առավելություն մարտունակության տեսանկյունից, որովհետեւ միայն զենքերի քանակը չի, դիրքերի վիճակն է, տեղանքն է, ով է հարթավայրում, ով է բարձունքների վրա։ Ամեն ինչով մենք ունեինք էական առավելություն Ադրբեջանի զինված ուժերի նկատմամբ, դրա համար այն ժամանակ այդ ոտնձգությունը չկար։
Եթե նայեք, թե մենք Ադրբեջանի նկատմամբ մեզ ինչպես էինք պահում, դուք կտեսնեք, որ ես երբեք ինձ թույլ չեմ տվել որեւէ հայտարարություն, որը կարող է Ադրբեջանի ժողովրդին ինչ–որ ձեւով վիրավորել։ Երբեք չենք նույնացրել Ադրբեջանը Թուրքիայի հետ, միշտ փորձել ենք առանձին պահել։ Չենք վիրավորել անձնապես Ադրբեջանի ղեկավարությանը։ Շուշիում ինաուգուրացիա չենք արել։ Կարող ա՞ խելքներս չի կտրել։ Չենք արել, որովհետեւ հասկանում էինք՝ ամբողջ Ղարաբաղն իրենց այդքան չի հետաքրքրում, ինչքան Շուշին։ Շուշին ոչ միայն մեզ համար է մշակութային ժառանգություն, այլև իրենց համար, միգուցե ավելի շատ։ Հասկանում էինք, որ դա զգայուն հարց է եւ դրան պետք չի կպնել։
Իսդկ այդ ամենը արվեց Ադրբեջանի դեմ 2018–ից հետո։ Էլ թուրք–ադրբեջանական տանդեմ, էլ ընտանեկան դիկտատուրա։ մենք չէինք տեսնո՞ւմ, որ այնտեղ ընտանեկան դիկտատուրա է կառուցվում, բայց մեր ի՞նչ գործն է, մեր դարդն ա՞ Ադրբեջանում ժողովրդավարությունը, թե՞ մեր դարդը Ղարաբաղը պահելն էր։ Դասագրքային ինչ կարելի էր անել իրավիճակը բարդացնելու համար՝ արվեց։ Վերջում էլ տրնգի էին պարում Շուշիում»,–ասաց նա։











