Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Երրորդ Հանրապետությունը թաթախել է արյան մեջ, և դրանով է պայմանավորված «Չորրորդ Հանրապետության» մասին նրա գաղափարը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ։

«Սա ևս մի դեպք է, երբ ռացիոնալ բացատրություն չկա։ Բայց նաև մի դեպք է, որն ավելի հեշտ է բացատրել, եթե մի փոքր ծանոթ ես Ֆրեյդի աշխատություններին։ Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը։ Երրորդ Հանրապետությունը թաթախել է արյան մեջ և այժմ ենթագիտակցական մակարդակով նրան թվում է, որ եթե անունը փոխի, կմաքրվի ամեն ինչից։ Սա միակ բացատրությունն է։ Բայց արժեքների և ինքնության համակարգին պատերազմ հայտարարելը ռացիոնալ տեսանկյունից ոչինչ չի տալիս։ Պետք է մի փոքր խորանալ հոգեբանության մեջ և հասկանալ, որ նա խորապես լավ հասկանում է, թե ինչ է արել և փնտրում է արյունոտ հետևանքներից ազատվելու ուղիներ։ Մոտավորապես այն, ինչ նա արել է մարտի 1-ի հետ. ինքն է հրահրել, 10 զոհ է եղել և հետո փորձել է մաքրվել։ Այսինքն՝ մենք գործ ունենք իշխանության ղեկին գտնվող մարդու խորը կոմպլեքսների հետ։ Եվ այդ կոմպլեքսները բազմաթիվ խնդիրների են հանգեցնում երկրի համար»,– արձանագրել է Քոչարյանը։

«Եկեք այլ տեսանկյունից նայենք տեղի ունեցողին։ Հայաստանը ամենահարուստ և հաստատ ամենաանվտանգ երկիրը չէ։ Ի՞նչն է հայ մարդուն պահում Հայաստանում։ Չէ՞ որ ՌԴ-ում թոշակը 2,5 անգամ ավելի մեծ է, աշխատավարձերն ավելի շատ են, մեկնածները հաստատ ավելի լավ են ապրում, փոխանցումներ են ուղարկում։ Նման բարդ տարածաշրջանում, ինչպիսին մերն է, ինքնությունն ու ինքնատիպությունը հիմնարար նշանակություն ունեն»,– ընդգծել է նախկին նախագահը։ Նա հավելել է, որ ինքն էլ կարող էր մեկնել, բայց այն, որ տնից դուրս գալով կարող է տեսնել Արարատը, արդեն իսկ չմեկնելու պատճառ է։

Նախկին նախագահը կրկնել է, որ նման բարդ տարածաշրջանում անհրաժեշտ է առավելագույնս ուժեղացնել ինքնությունը. «Իսկ նրանք քանդում են արմատները։ Եթե հանկարծ ժողովուրդն ընդունի այդ թեզերը, Հայաստանում կմնա 1 մլն մարդ՝ նրանք, ովքեր չեն կարողանա մեկնել։ Եթե Հայաստանի ներկայիս ղեկավարները թուրքական գործակալներ լինեին, նույնը կանեին։ Ես չեմ ասում, որ նրանք գործակալներ են, բայց նրանք մարդիկ են, որոնք հաղթահարում են խորագույն հոգեբանական կոմպլեքսները»։