Մեր կարգախոսն է՝ «եկել է ժամանակը». կոնկրետ եկել է իշխանափոխության ժամանակը և կարծում եմ դա սկսվելու է հենց Էջմիածնից, որովհետև մենք բոլորս գիտակցում ենք, որ այս ընտրությունները, ինչքան էլ որ համայնքային մակարդակի ընտրություններ են, բայց մի քանի ամսից լինելու են Ազգային ժողովի ընտրություններ և այս ընտրությունները իրենց հետքը թողնելու են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Վաղարշապատի ընտրություններում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավարող Սևակ Խաչատրյանը։
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ Սևակ Խաչատրյանը «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահն է։
«Այս ընտրությունները իր հետքը թողնելու է տարբեր բնագավառներում, եթե ՔՊ–ն հաջողություն ունենա, դրան հաջորդելու է գրոհ դեպի Մայր Աթոռ, դեպի Վեհարան։ Այն ազգադավ մտածելակերպը, որ իրենք ունեն, փորձելու են շարունակել։ Բայց ես վստահ եմ, որ վաղարշապատցին առավել քան հաստատակամ է լինելու իր քայլերի մեջ և թույլ չի տալու այդ ամենը:
Երբ լինի հաղթանակ, բոլորը մեկ անգամ ևս կհամոզվեն, որ այդ ճղճիմ գործելակերպը, տարիների վաստակ ունեցող մարդկանց աշխատանքից ազատելը ոչ թե վնասում է մեզ, իրենք դրանով մեր ռեյտինգը ավելի են բարձրացնում և մեր թիմը ավելի շատ համալրում են նոր համակիրներով»։
Նա ընդգծեց, որ դեռ պետք է տեսնեն, թե ՔՊ–ն ինչ է առաջարկելու վաղարշապատցուն. «Բայց իրենց ֆանտազիան քաղաքի, համայնքի մակարդակում ասֆալտային տրամաբանությունից այն կողմ դեռ չի անցել»։
Դիտարկմանը, որ իրենց հետ նույն թիմում է ՀՅԴ–ն, որը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ղեկավարն է, արդյոք կարելի՞ է ֆիքսել, որ Ռոբերտ Քոչարյանը ուղիղ աջակցում է ձեզ, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. « Չի կարելի այդպես ֆիքսել, բոլորին է հայտնի, ես Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ եմ։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները եղել են Հայաստանի խաղաղ, արժանապատիվ զարգացման տարիները, բայց ավելի ճիշտ կլինի մենք այսօր խոսենք Վաղարշապատից, որովհետև մենք ծրագրով և թիմով ներկայացնելու ենք վաղարշապատու խնդիրները, մեր քաղաքի պրոբլեմները և բնականաբար զարգացման հեռանկարները»։











