Ես արդեն մեկ տարի զգուշացնում եմ, որ 2025–ի հունվարի 1–ից Ռուսաստանի օրենսդրության փոփոխություններից մի կետ շատ ուղիղ անդրադառնալու է նաև Հայաստանից ուղևորա և բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայկական «Կարիտաս» միգրացիոն ծրագրերի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը։

«Դա Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին 115 ֆեդերալ օրենքի փոփոխությունն է, որը արդեն ուժի մեջ մտավ և հունվարի 1–ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատելու նպատակով, այսինքն միգրացիոն քարտում այցի նպատակը բաժնում աշխատանք չեն նշում, նրանք նախկին տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր գտնվելու փոխարեն, այլևս օրացուցային տարվա ընթացքում կարող են գտնվել գումարային 90 օր։ Այսինքն երկու անգամ ժամկետը կրճատվել է համաձայն այս փոփոխության, ինչը ցավոք սրտի վերաբերվում է նաև ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին և որևէ բացառություն արված չէ։

Սա վերաբերվում է ոչ միայն ուղևորա և բեռնափոխադրում իրականացնողներին, այլև բոլոր կատեգորիաներին, որոնց մեջ մտնում էին, օրինակ, օդաչուները, բորտ–ուղեկցողները, ինքնաթիռների սպասարկող անձնակազմերը, գնացքավարները և այլն»,–ասաց նա։

Բացի այդ, ըստ Բեժանյանի, այս տարվա փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ վերահսկվող անձանց ռեեստրը և արտաքսման ռեժիմը, համաձայն որի վարչական խախտում իրականացնողները, որոնք գտնվելու ժամկետից ավել կմնան ՌԴ-ում կամ պայմանագրի ժամկետի ավարտից հետո նոր պայմանագիր չեն կնքի, բայց կշարունակեն մնալ ՌԴ տարածքում, ժամկետի մեջ բուժզննում չեն անցնի և այլն, այսպիսի վարչական խախտումներ իրականացնողների համար ստեղծվեց վերահսկվող անձանց ռեեստր, որտեղ, երբ մարդիկ ընկնում էին, նրանց բանկային հաշիվները անմիջապես սառեցվում էին և որևէ գործարք նրանք իրականացնել չէին կարող։ Այսինքն բավականին լուրջ հետևանքներ է ունենում վերահսկվող անձանց ռեեստրում հայտնվելը։

Նա ընդգծեց, որ դրան զուգահեռ եղել է ՌԴ նախագահի որոշումը, որով մինչև ապրիլի 30-ը անձանց թույլատրված էր կարգավորել իրենց փաստաթղթերը առանց ՌԴ-ից դուրս գալու և օրինականացնել իրենց գտնվելը Ռուսաստանի տարածքում։ Հետո այդ հրամանագրի ժամկետը երկարացվեց մինչև սեպտեմբերի 10–ը. «

Մինչև սեպտեմբերի 10-ը որևէ խիստ հսկողություն ոստիկանության կողմից չի դրսևորվել նաև փոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ, և նրանք վարչական տույժերի չեն ենթարկվել։ Բայց այս սեպտեմբերի 10-ից հետո, արդեն մեկ ամիս է, որ ոստիկանությունը բավականին խիստ և հետևողականորեն ստուգում է բոլորի անձնագրերը և հաշվում օրերը, որքան են նրանք ավելի մնացել իրենց օրինական թույլատրված 90 օրից։

ՌԴ վարչական իրավախախտումների մասին օրենքը նախատեսում է, թե ինչ ժամկետների պարագայում ի՞նչ տույժեր են նախատեսված։ Եվ համաձայն դրանց, եթե անձը իր օրինական գտնվելու ժամկետից 90-ից 180 օր ավելի է մնում, դրվում է մուտքի արգելք 3 տարի ժամկետով։ 180-ից 270 օր ավել գտնվելու պարագայում մուտքի արգելք է դրվում 5 տարի ժամկետով, իսկ 270 և ավելի օր գտնվելու պարագայում՝ 10 տարի ժամկետով։
Ես արդեն ունեմ մեկ տասնյակից ավել այդպիսի վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումներ, որ ուղարկել են վարորդները, որտեղ հստակ նշված է, որ իրենք Ռուսաստանում գտնվելու ժամկետը խախտել են։

Այստեղ էլ խնդիր կա, որ չնայած այդ օրերը չեն գերազանցում 180 օրը, միևնույն է այս անձանց մուտքի արգելք դրված է 5 տարի ժամկետով։ Նրանց պետք է գոնե երեք տարով դնեին մուտքի արգելք, բայց արդեն դրվել է հինգ տարի ժամկետով»,– ընդգծեց Տաթևիկ Բեժանյանը։