Շարժումը բավականին թափ է հավաքել և ՀՀ–ում օրակարգ է փոխել։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Ալեքսան Ալեքսանյանը։
«Այսօր հերթական շինծու գործն են բերել քննման, փորձում են Սամվել Կարապետյանի կալանքը ևս 2 ամսով երկարաձգել։ Արդեն գրեթե 4 ամիս է՝ բարերար Սամվել Կարապետյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ։ Մենք էլ եկել ենք մեր խոսքը բարձրաձայնելու, պահանջելու արդար դատաքննություն»,– ասաց Ալեքսանյանը։
Նա հույս է հայտնել, որ դատական համակարգը կսթափվի և կծառայի հանուն ՀՀ–ի։
Հիշեցնենք, որ ժամը 18։00-ին դատարանը քննելու է Քննչական կոմիտեի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։
Հակակոռուպցիոն դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն հայտնի գործարար Սամվել Կարապետյանի։











