Մկրտիչ Սրբազանի պաշտպանները դատարանում իրենց բոլոր փաստաթղթերը ներկայացրեցին, մենակ երևի երեք ժամ հարցեր են տվել քննիչներին։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Մկրտիչ Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանը։
Նա ներկայացրեց Մկրտիչ Սրբազանի վերջին խոսքը դատարանում. «Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասաց՝ ես գիտեմ, որ դուք բոլորդ գիտեք, թե ինչ եք անելու։ Նաև ասաց՝ ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա առավոտյան արդեն վեցն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն, և բոլորիդ հաջողություն եմ մաղթում։ Անփորձանք գնաք հասնեք ձեր տները։ Մկրտիչ Սրբազանի վերջին խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ։ Ցավոք, մենք էլ գիտեինք, որ չկա, բայց մեզանից կախված ամեն ինչ արեցինք, մեր իրավաբանությունը արեցինք, որպեսզի նրա իրավունքները պաշտպանենք»;
Նա նկատեց, որ այս դատավորը նաև քննում է Բագրատ Սրբազանի և մյուսների գործը, և ինքը պատահականություններին չի հավատում։
Զոհրաբյանը հայտարարեց, որ հոգեւորականների ցուցմունքների հիման վրա են մեղադրանքն առաջադրել, սակայն չցանկացավ անուններ տալ։
Պաշտպանը տեղեկացրեց, որ բացի Մկրտիչ Սրբազանից ու Տեր Գարեգին Արսենյանից, նաեւ առաջնորդարանի գլխավոր հաշվապահն է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաև քննարկվելու է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։ «Մյուս հոգևորականները բոլորը ազատ են արձակված, այսինքն չեն ձեռք բերել մեղադրյալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է»։
Նշենք, որ քիչ առաջ դատարանը 2 ամսով կալանավորեց Մկրտիչ Սրբազանին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ՝ այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ Եպիսկոպոս Պռոշյանը, ձերբակալվել են։
Խուզարկություններն իրականացվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Նա ասել էր, որ Արագածոտնի թեմից հրահանգ են տվել հոգևորականներին մասնակցել 2021 թվականի ընդդիմության ակցիաներին։
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Արագածոտնի թեմի առաջնորդը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է:
Քննչական կոմիտեն վարույթը նախաձեռնել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հաղորդման հիման վրա, որն առնչվում է Հանրայինի եթերում Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի հայտարարությանը: Քահանան ասել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով: Համարելով, որ հանրահավաքին մասնակցելու պարտադրանքը Քրեական օրենսգրքով նախատեսված արարք է, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» խնդրել էր քննել այն:











