Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում հոկտեմբերի 18-ին անցկացվեց Լեռնային վազքի Հայաստանի բաց առաջնությունը՝ Teghenis Sky Race 2025-ը, որը կազմակերպվել էր Լեռնային ուղեկցորդների և զբոսավարների հայկական ասոցիացիայի կողմից։ Մրցաշարի գլխավոր հովանավորն էր «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, որը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում փորձում է աջակցել նմանօրինակ նախաձեռնություններին։
Բանկի մարքեթինգի բաժնի պետ Արման Տոնիկյանի խոսքով` նման նախաձեռնությունները համահունչ են բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը։
«Բանկի ղեկավարությունը կարևորում է այն նախագծերը, որոնք նպաստում են առողջ ապրելակերպի և սպորտի զարգացմանը։ Հատկանշական է, որ առաջնությանը մասնակցում են նաև մեր աշխատակիցները։ Բացի այդ, նման միջոցառումները աշխուժություն են բերում Հայաստանի համայնքների տնտեսական կյանքում, և մենք ուրախ ենք, որ մեր աջակցությունը նպաստում է նաև այդ ձևաչափով համայնքային զարգացմանը», — NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արման Տոնիկյանը։
Առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 մասնակիցներ՝ պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողական վազորդներ Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև Իրանից ու Ռուսաստանից։
Մրցաշարի կազմակերպիչները համոզված են՝ նման նախաձեռնությունները ոչ միայն առողջ ապրելակերպի հանրայնացմանն են նպաստում, այլև նոր հնարավորություն են բացում Հայաստանի տուրիստական զարգացման համար։











