7500 արտակորում 3 ժամ 21 րոպեում։ Սերժանտ Ռուբիկ Միքայելյանի ռեկորդը կընդգրկվի Գինեսի գրքում։

Այսօր, հունվարի 28-ին Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 20-րդ տարեդարձի օրը ժամկետային զինծառայող, սերժանտ Ռուբիկ Միքայելյանն «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում հարյուրավոր մարդկանց ներկայությամբ 3 ժամ 21 րոպեում կատարեց 7500 արտակորում՝ գերազանցելով սեփական ռեկորդը:

Նախորդ ռեկորդը (6500 արտակորում) սահմանվել էր 2011թ. սեպտեմբերի 21-ին:

Ռուբիկ Միքայելյանն ավարտել է Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտի սամբոյի բաժինը, իսկ 2011 թվականի գարնանը զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր:

Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողովի նախագահ Վարդան Թովմասյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այս ռեկորդի համար պայքարելու են եւս 3 մարզիկներ։ Թովմասյանը նշեց, որ առաջիկա օրերին լույս է տեսնելու առաջին հայկական «Դյուցազնագիրքը», որում ընդգրկված են լինելու բոլոր հայ ռեկորդակիրները։ Նա նաև տեղեկացրեց, որ ռեկորդը փորձել են կրկնել Ավստրալիայում, սակայն 4500-րդ արտակորումից հետո մարզիկը կորցրել է գիտակցությունը։

Ռուբիկ Միքայելյանի հայրը, ով նաեւ նրա մարզիչն է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ որդին առաջարկներ է ստացել ռեկորդը սահմանել Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի դրոշի տակ, սակայն մերժել է՝ նշելով, որ հայկական եռագույնը չի փոխի ոչ մի այլ դրոշի հետ։ Մարզիչը նաեւ հայտնեց, որ մինչեւ զորացրվելը Ռուբիկը պատրաստվում է բարելավել սեփական ռեկորդը՝ կատարելով 10 հազար արտակորում։

Նշենք, որ Ռուբիկ Միքայելյանը հայկական բանակի չորրորդ զինծառայողն է, ում հաջողվում է գինեսի ռեկորդ սահմանել։ Միքայելյանը ռեկորդը նվիրեց հայկական բանակի 20-ամյակին։