Վաղարշապատի թիվ 1 դպրոցի տնօրենը դպրոցում քաղաքական գործունեություն է կատարել, դրա համար էլ անվստահության հիմքով ազատվել է աշխատանքից։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21–ին, Արմավիրի մարզի Դողս գյուղում միջոցառման ժամանակ NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը։

«Գիտեք, որ Վաղարշապատում ընտրություններ են և ինքը որոշ մարդկանց, քաղաքական գործիչների  ազդեցության տակ է։ Այդ պատճառով ազատել ենք աշխատանքից։ Այդպիսի տնօրենները մեր դպրոցներում անելիք չունեն»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ ըստ խոսակցությունների հնարավոր նոր տնօրենը Վաղարշապատի համայնքապետի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի հազարատներից մեկն է, մարզպետն ասաց. «Ժամանակավոր պաշտոնակատար նշանակված անձը Արգիշտի Մեխակյանի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես եմ նշանակել, ես եմ որոշել։ Արգիշտի Մեխակյանը չի զբաղվում դպրոցներով, հատկապես, որ ինքը ակտիվ քաղաքական քարոզարշավի մեջ է մտնելու մեկ օրից»։

Ինչ վերաբերում է նրան, որ սա կարող է դիտարկվել, որ մեկ օևր առաջ է Մեխակյանը սկսել քարոզարշավը, Վահրամ Խաչատրյանն ասաց, որ բարերար կա, որը գյուղի երկու փողոցն ասֆալտապատել է. «Մենք էլ գյուղի կազմակերպած միջոցառմանը ներկա ենք գտնվում, անկախ նրանից, թե ով է բարերարը»։

Եկեղեցու վերաբերյալ հարցերին նա հրաժարվեց պատասխանել։