Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ եւ նվաճեց Վեյկ ան Զեեի սուպերմրշարի հաղթողի տիտղոսը: Վերջին տուրի կենտրոնական պարտիան Արոնյանի եւ Ռաջաբովի միջեւ ավարտվեց 12-րդ քայլում: Սեւերով խաղացած Ռաջաբովը հրաժարվեց պայքարից: Արոնյանին էլ անհրաժեշտ էր հենց կես միավոր. Մագնուս Կարսենը Լյուկ վան Վելիին հաղթելու եւ Արոնյանի պարտության դեպքում կդառնար հաղթող: Արոնյանը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր: Ռաջաբովը 8 միավորով ընթացիկ երկրորդ տեղում է: Կարլսենը 12 տուրից հետո ունի 7,5 միավոր: Արոնյանն առաջին անգամ միանձնյան նվաճեց Վեյկ ան Զեեի մրցաշարի հաղթողի կոչումը: 2007-ին եւ 2008-ին նա դարձել էր հաղթող` կիսելով առաջին տեղը:

Մրցաշարի մամուլի ծառությանը տված հարցազրույցում Արոնյանը նշել է, որ հաճելիորեն զարմացած է հաղթանակի համար չխաղալու Թեյմուր Ռաջաբովի որոշումից:

«Այս մրցաշարում ես ցուցադրեցի իմ լավագույն խաղը: Ես շատ երջանիկ եմ: Մրցաշարից առաջից ես այնքան էլ լավ չէի պատրաստվել սկզբնախաղի մասով եւ մտածում էի, որ ավելի լավ մարզավիճակում կլինեմ փետրվարին, իսկ այստեղ կլինի սովորական նորմալ մրցաշար: Բայց ամեն ինչ լավ ընթացավ»,- ասել է Արոնյանը:

Մագնուս Կարլսենից կրած պարտության մասին Արոնյանը նշել է, որ դրանից հետո էլ պատրաստ է եղել շարունակել պայքարը, քանի որ պարտվելուց հետո ինքը սովորաբար սկսում է ավելի լավ խաղալ:

Թեյմուր Ռաջաբովը Վեյկ ան Զեեի մրցաշարի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում պատմել է, թե ինչու Արոնյանի հետ չի խաղացել հաղթանակի համար:

«Գիշերը մտածում է այդ մասին, ունեի որոշակի սպասումներ, բայց ես պետք է ռիսկի գնայի, չկար վստահություն, որ Լեւոնը խաղում է ոչ ոքիի համար: Նա ապահովել էր նվազագույնը ոչ միանձնյա առաջին տեղ, խաղում էր սպիտակներով: Ես կարծում էի, որ նա կձգտի սեփական վարկանիշի համար հաղթել: Սկզբում մտածում էի սկզբնախաղում որեւէ բան ձեռնարկել, բայց հետո որոշեցի սովորական խաղ տանել եւ սպասել Լեւոնի նախաձեռնությանը ու պայքարել: Ես զարմացա, որ Լեւոնը չսրեց խաղը: Ես էլ սեւերով էի խաղում, այնպես որ նորմալ է ոչ ոքին: Հիմնականում բավարարված եմ մրցաշարում ցուցադրածս խաղից»,- ասել է Ռաջաբովը: