Ո՞րն է լավ, որն է վատ հավաքական մեր հայրենիքի, ժողովրդի, Հայաստանի քաղաքացիների համար. և ո՞րն է սուտ, ո՞րն է իրական, և ինչու է իրականի քողի տակ սուտը քողարկվում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 23–ին, ԱԺ–ում իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Եկան իշխանության, ասում էին ապագա կա ապագա։ Իհարկե, ապագան շատ լավ է, որովհետև դա մեր սերունդներն են, մեր երազանքներն են, բայց ձեր դեպքում պիտի իրապես ասեիք՝ ապագա էլ կա, ապագա էլ։ Ի՞նչ էիք խոստանում, ի՞նչ եք բերել, փաթաթել մեր և մեր ժողովրդի վզին։ Ասում եք՝ ապաշրջափակումը լավ է, իհարկե լավ է, իհարկե տնտեսական ինտեգրումը այլընտրանք չունի, բայց լավ է, Եթե միակողմանի պարտադրված չի, եթե ապաշրջափակման քողի տակ տնտեսական փափուկ ուժի գործադրում չի կամ տնտեսական էքսպանսիա չի։ Լավ է, եթե ապաշրջափակումը միայն ձեր նեղ քաղաքական նպատակադրումը չի իշխանությունն ամեն գնով պահելու համար։ Լավ է, եթե փոխադարձ է իրապես փոխադարձ, ոչ թե TRIPP–ի ճանապարհի այլընտրանքը, որ իրենց խոստացել եք անխոչընդոտ անցում, ընդամենը ցորենի իրենց տարածքով փոխադրման թույլտվությունն է»,–ասաց նա։
Անդրադառնալով ղազախական ցորենն Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրելուն, պատգամավորն ասաց. «Պարոն Թունյան, իհարկե լավ է, որ մենք կարողանանք այլընտրանքային եղանակով պարենային անվտանգության հարց լուծենք, պարենային անվտանգության ապրանք բերենք ավելի որակով կամ ավելի էժան, բայց տնտեսական գնից բացի այս դեպքում առաջնայինը աշխարհաքաղաքական գինն է, որի մասին դուք ավելի լավ գիտեք, որովհետև ավելի եք տեղեկացված քան ես, բայց չեք բարձրաձայնում, որովհետև ձեր դեպքում նեղքաղաքական շահը գերակայում է ազգային շահին։
Բացի աշխարհաքաղաքական գնից, ի՞նչ գին ենք մենք վճարում։ Վատ է, եթե այդ նվերը տրոյական ձիու տեսքով է։ Վատ է, եթե աշխարհաքաղաքական գինը մեր կենսական շահերի հաշվին է։ Չեմ հավատում, որ այդ գինը մեր կենսական շահերի հաշվին չի»,– հայտարարեց նա։











