Վաղարշապատի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը իր թիմակիցների հետ հանդիպել է Զվարթնոց թաղամասի բնակիչների հետ։
Հարցին՝ ի՞նչ կուզեք առաջնային այս թաղամասի համար, բնակիչներից մեկը պատասխանեց. «Մեր փողոցն ուզում ենք, որ ասֆալտապատեն։ Լուսավորություն չկա, մութ է, ջրի հարց ունենք։ Ձմեռ է գալիս, չգիտենք՝ ինչով պետք է տունը տաքացնենք, քանի որ կոնկրետ մենք գազ չունենք»։
Մեկ ուրիշն էլ հավելեց, որ 36 հազար թոշակ է ստանում, չի կարողացել ջրի վարձը մուծել, եկել, կտրել են։
Սևակ Խաչատրյանն ասաց. «Մեր սոցիալական ծրագրերի մեջ կա, որ բնակիչների խնդիրները հատ–հատ գույքագրելու ենք, որ կարողանանք մեր բնակիչների կյանքը բարելավել։
Պետք է ակտիվ մասնակցել ընտրությունների։ Ընտրություններից հետո ամեն շաբաթ դուք մեզ տեսնելու եք։ Ամեն շաբաթ գալու ենք, հանդիպելու ենք, որ հասկանանք, կետ առ կետ գնանք առաջ։ Պատահական չէ, որ սկսել ենք Զվարթնոց թաղամասից, որովհետեւ ծայրամասային թաղամաս է և մի քիչ ավելի անտեսված է եղել։ Ընտրվելուց հետո աշխատանքը հենց ծայրամասերից ենք սկսելու»,–ասաց նա։
Նշենք, որ Վաղարշապատի ավագանու ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 16–ին, մասնակցում է 8 քաղաքական ուժ։











