Վաղուց մեկնարկել են, գրեթե օգոստոսի 8-ից անմիջապես հետո և հիմա էլ շատ ինտենսիվ ընթացքի մեջ են Հայաստանի և Միացյալ Նահանգների շփումները , բանակցությունները, այս «TRIPP ուղու» կենսագործման համար անհրաժեշտ ընկերության հիմնադրման տեխնիկական մանրամասների ուղղությամբ և արդեն հետո գետնի վրա զանազան տեխնիկական լուծումների հարց կառաջանա։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27–ին, Ազգային ժողովում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ինչպիսին էլ որ լինեն այդ տեխնիկական լուծումները, ինչպիսին էլ որ լինեն պայմանները, ամբողջը լինելու է համաձայնեցված և ստորագրված սկզբունքների ներքո, Հայաստանի Հանրապետության իրավազորության շրջանակներում։
Իհարկե, մենք երբ խոսում ենք խաղաղության ինստիտուցիոնալացումից, երբ խոսում ենք բարիդրացիական հարաբերությունների հարց հաստատումից, պետք է նշենք նաև, որ կան այնուամենայնիվ հարցեր, որոնք այս պահի դրությամբ լուծված չեն կամ դժվարությամբ են լուծվում կամ չգիտեմ գնահատվում են որպես առավել դժվար լուծելի։
Այստեղ մենք անպայմանորեն պետք է նշենք Բաքվում պահվող պատանդառված անձանց, գերիների ազատարձակման հարցը, մյուս հումանիտար հարցերի կողքին, ինչպես օրինակ անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և այլն։ Կան բազմաթիվ այլ հարցեր և եթե ինձ հարցնեք իմ մասնավոր դիտարկումը այս մասին, այնուամենայնիվ մեծ խոչընդոտ է, որը բնական օբյեկտիվ հետք է և որի հարթման ուղղությամբ դեռ ջանքեր պետք է գործադրվեն ու գործադրվեն։ Դա անշուշտ երկու հասարակություններում միմյանց նկատմամբ գոյություն ունեցող անվստահության դրսևորումներն են։
Բայց մենք հավատալով Հայաստանի Հանրապետության շուրջ, խաղաղ, համագործակցային, մթնոլորտի, միջավայրի ձևավորմանը, քայլ առ քայլ հետամուտ ենք լինելու բոլոր հարցերի լուծմանը»,– ընդգծեց Արարատ Միրզոյանը։











