Որևէ այլ լծակ, քան պաշտոնական հրապարակում ներկայացնելը, օրենքով նախատեսված չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԿՀ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք բավարար պատասխանատվության միջոց է կիրառվել վարչապետ Փաշինյանի հայտնի գրառման վերաբերյալ։

«Հանձնաժողովը իրավասու է կատարել այն, ինչ օրենքով է գրված: Oրենքով գրված է, որ վարքագծի կանոնների խախտման դեպքում հանձնաժողովը հրապարակում է եզրակացություն, պաշտոնատար անձինք էլ պարտավոր են արձագանքել հրապարակային հայտարարության միջոցով, որևէ այլ արդյունք օրենքով նախատեսված չէ։ Մնացած քաղաքական պաշտոններին էլ դա վերաբերում, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում և շահերի բախման, և այլ սահմանափակումների առնչությամբ, և վարքագծի կանոնների խախտման դեպքում որևէ այլ լծակ քան պաշտոնական հրապարակում ներկայացնելը, օրենքով նախատեսված չէ»,– ասել է Գալստյանը։

Նրա խոսքով՝ տարեկան հաղորդումներում բազմիցս ներկայացրել են, որ քաղաքական պաշտոնների դեպքում պատասխանատվության այս միջոցները արդյունավետ չեն։

«Գործնականում ստացվում է, որ հանձնաժողովը մի շարք գործառույթներ է իրականացնում, վարչական ռեսուրս է ծախսում, բայց պատասխանատվությունը բացառապես հանրային է: Մենք սա բաց բազմիցս ներկայացրել ենք, իհարկե, նաև քննարկել ենք մեր միջազգային գործընկերների հետ, թե որը կլինի ճիշտ լուծումը։ Օրինակ, նախարարների, վարչապետի դեպքում կարգապահական պատասխանատվությունը, կարծում ենք, ճիշտ չի լինի, բայց պետք է հասկանալ, թե ինչ լուծումներ կան, որ հնարավոր կլինի արդեն օրենսդրական փոփոխությունների համատեքստում քննարկել»,– ասել է Գալստյանը։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը՝ մայիսի 30-ի ֆեյսբուքյան գրառման մեջ օգտագործելով «դոմփել» և «համբալ» բառերը, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես գռեհիկ ու վիրավորական։

Հանձնաժողովի որոշումներից հետո Փաշինյանը հրապարակել է նոր գրառում՝ ներողություն խնդրելով իր արտահայտությունների համար, սակայն ընդգծել է, որ իր քաղաքական և բարոյական սկզբունքների հանդեպ հավատարմությունը մնում է անսասան։